Ցանկացած ցավի դեպքում պետք է ոչ թե ցավազրկող խմել, այլ բժշկի դիմել. փոխնախարար

15:34   19 փետրվարի, 2018

Եթե մարդուն ցավեր են անհանգստացնում, անկախ դրանց տեղայնացումից, անհրաժեշտ է ոչ թե ցավազրկող դեղամիջոցներ խմել, այլ բժշկի դիմել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Ի պատասխան լրագրողների այն հարցերին, որ ցավազրկող շատ դեղամիջոցների բացթողումը դեղատոմսով կարող է մարդկանց կյանքը նկատելիորեն  դժվարացնել, փոխնախարարն ասաց, որ ցավն ամենեւին ինչ-որ չնչին խնդիր չէ, որը կարելի է լուծել  մեկ-երկու հաբով. ցավը կարող է ցույց տալ օրգանիզմում լուրջ խնդիրները, եւ եթե այն պարզապես խլացվի ցավազրկողներով, խնդիրը կարող է միայն խորանալ:

Փոխնախարարի խոսքով՝ կրծքավանդակում ցավերն, օրինակ, կարող են մատնացույց անել սիրտ-անոթային հիվանդությունները, փորացավերը՝ մի ամբողջ շարք հիվանդություններ: Նույնիսկ գլխացավն այնքան էլ անմեղ չէ, ինչպես կարող է թվալ՝ դրա պատճառը կարող է լինել արյան բարձրացած ճնշումը: Ցավի իրական պատճառը պարզելու եւ ճիշտ բուժում ստանալու համար պետք է բժշկի դիմել, այլ ոչ թե դեղատուն, պնդում է Սերգեյ Խաչատրյանը: Այլապես նույն հիպերտոնիան կարող է բերել ավելի լուրջ խնդիրների, օրինակ՝ կաթվածի:

Փոխնախարարը նշեց, որ պոլիկլինիկաներում հիվանդները կարող են անվճար խորհրդատվություն ստանալ եւ դեղատոմս: Սակայն եթե նուիսկ հիվանդը որոշի վճարովի հիմունքով բժշկի դիմել, բացառված չէ, որ դա նրա համար ավելի էժան լինի, քան բարդությունները, որոնք կարող են առաջանալ ինքնաբուժման հետեւանքով:

«Եթե ցանկանում ենք, որ բժշկության արդյունավետությունն ու որակն աճեն, պետք է սկսենք ենթարկվել տարրական, պարզագույն կանոններին: «Սովորական դեպքեր» չեն լինում, պետք է բժշկի դիմել ցանկացած խնդրով, որը վերաբերում է մարդու առողջությանը: Մարդն ինքը չի կարող իր ցավը գնահատել եւ իրեն ախորոշում կատարել: Ցավին պետք է արձագանքել որպես լուրջ հիվանդության ազադանշանի, եւ չի կարելի դեղ խմել՝ հանուն պարզապես ցավից ազատվելու»,- ասաց փոխնախարարը

Նշենք, որ որոշ ցավազրկողներ դեղատներից բաց կթողնվեն նաեւ առանց բժշկի դեղատոմսի:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի դեղերի դեղատոմսերով բացթողման նոր կարգը: Դեղատոմսային եւ ոչ դեղատոմսային դեղամիջոցների ցուցակները հրապարակվել են ԱՆ կայքում:



© NEWS.am Medicine