Պետությունը կշարունակի՞ eHealth-ի համար բուժհաստատությունների վճարները սուբսիդավորել

21:52   19 փետրվարի, 2018

2017-ին պետությունը ամբողջությամբ սուբսիդավորել է բուժհաստատությունների բաժանորդային վճարները էլեկտրոնային առողջապահության (armed.am կայք)  համակարգի օգտագործման համար: Այս մասին NEWS.am Medicine-ի լրագրողի հետ զրույցում ասել է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հանձնաժողովի ղեկավար  Վարդան Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ սուբսիդավորման ծրագիրը նախատեսված է երեք տարով, սակայն դեռ հայտնի չէ թե կոնկրետ ինչ ծավալով կառավարությունը ընթացիկ տարում իր վրա կվերցնի ֆինանսական բեռը: Նա նշել է, որ նաեւ հնարավոր է սակագների նվազեցում, քանի որ դրանք ամեն տարի հաշվարկվում են՝ ելնելով բաժանորդների թվից եւ ծառայությունների ծավալից:

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերի վերջին Հայաստանի բուժհաստատությունները ստացել էին էլեկտրոնային առողջապահության համակարգի կոնցեսիոների հետ պայմանագիրը, որը պետք է ստորագրեին։ Դրա համաձայն՝ նրանք ամսական սակագին պետք է վճարեին՝ գումարած առանձին գումար այցելուների քանակի համար։

Պայմանագրով սահմանված են հետեւյալ ամսական սակագները

բժշկական կենտրոնների համար՝ 130-150 հազար դրամ,

ախտորոշիչ կենտրոնների համար՝  40-100 հազար դրամ,

հիվանդանոցների համար՝ 80 հազար դրամ,

շտապ օգնության ծառայության համար՝ 50 հազար դրամ,

ամբուլատորիաների համար՝ 5 հազար դրամ,

պոլիկլինիկաների համար՝ 40 հազար դրամ,

դեղատների համար՝ 5-25 հազար դրամ,

ատամնաբուժարանների համար՝ 7-20 հազար դրամ

առողջարանների համար՝ 50 հազար դրամ:

Յուրաքնաչյուր այցելուի համար հիվանդանոցները պետք է վճարեն 1000 դրամ, մնացած հաստատությունները 25–30 դրամ։

Այդ ժամանակ բժշկական կենտրոնները, հիմնականում մարզային, դժգոհություն էին հայտնել eHealth համակարգի բարձր սակագներից, որից հետո կառավարությունը որոշել էր սուբսիդավորում մտցնել:



© NEWS.am Medicine