ՌԴ առողջապահության փոխնախարարը Ալթունյանին ներկայացրել է ծխախոտի դեմ պայքարի հաջողված փորձը

20:04   20 փետրվարի, 2018

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Կրաեւոյի հետ։ Քննարկվել են երկու երկրի առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները։

Սերգեյ Կրաեւոյն ընդգծել է, որ ծանոթ է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող շրջադարձային բարեփոխումներին։

Լեւոն Ալթունյանը համառոտակի ներկայացրել է իրականացվող ծրագրերի արդյունքներին։

ՌԴ առողջապահության փոխնախարարը ծանոթացրել է իրենց առոջապահության ոլորտում մարզային կառավարման սկզբունքներին եւ բժշկական կազմակերպությունների կառավարման բարեփոխումներին։ Անդրադառնալով հանրային առողջապահական ծրագրերին` նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ծխախոտի դեմ արդյունավետ պայքարը հանգեցրել է ծխողների թվի նվազման։

Քննարկվել են նաեւ առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը, հանրային առողջապահական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, բուժման նորագույն մեթոդների ներդրմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը վերաբերող եւ այլ հարցեր։ 

 



© NEWS.am Medicine