Գիտնականները գտել են արտաքինի համար պատասխանատու 15 գեն

23:49   21 փետրվարի, 2018

Բելգիայից եւ ԱՄՆ-ից գիտնականները 15 գեն են հայտնաբերել, որոնք պատասխանատու են, թե ինչպիսի տեսք ունի մարդու դեմքը: Այս տեղեկությունը կարող է չափազանց օգտակար լինել պլաստիկ վիրաբույժների եւ դատաբժիշկների համար: Դրանից բացի, բացառված չէ, որ ապագայում այս հայտնագործության շնորհիվ պատմաբանները կկարողանան վերականգնել վաղուց մահացած մարդկանց արտաքինը:

Հետազոտողներն ուսումնասիրել են տվյալների բազան, որոնք պարունակել են մարդկանց դեմքերի եռաչափ պատկերները եւ նրանց գենոմի մասին համապատասխան տվյալները: Յուրաքանչյուր պատկեր ավտոմատ բաժանվել է առանձին մոդուլների: Այնուհետեւ մասնագետները ստուգել են՝ ԴՆԹ-ի որեւէ հատվածը արդյոք պատասխանատո՞ւ է կոնկրետ դիմագծի համար:

Մասնագետները հայտնաբերել են գեների 15 հաջորդականություններ, որոնք մասնակցում են մոր արգանդում երեխայի դեմքի ձեւավորմանը: Որոշ գեներ որոշում են քթի կառուցվածքը, որը շատ պիտանի կլինի դատաբժիշկների համար, որոնք դեմքերը վերականգնում են ըստ գանգերի:

Սակայն գիտնականները շեշտում են, որ դիմագծերի վրա ազդում են ոչ միայն գեները, այլեւ մարդու կենսակերպը, նրա տարիքը, շրջակա միջավայրը: Դրանից բացի, սրանք, հավանաբար, ամենեւին բոլոր գեները չեն, որոնք պատասխանատու են դեմքի տեսքի համար, մյուսները պարզապես դեռեւս հայտնի չեն:



© NEWS.am Medicine