Google-ը նոր ալգորիթմ է մշակել աչքերով սրտի խնդիրները որոշելու համար

10:18   22 փետրվարի, 2018

Google-ը եւ նրա դուստր Verily ընկերությունը արհեստական ինտելեկտի օգնությամբ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականության գնահատման նոր միջոց են մշակել:

Verily ընկերության մշակած ալգորիթմը սրտի հիվանդությունների հավանականությունը կարող է մեծ ճշգրտությամբ որոշել՝ ուղղակի հիվանդի «աչքերի մեջ նայելով»: Աչքի հետին պատի վիճակը վերլուծելով՝ արհեստական ինտելեկտը որոշում է մարդու տարիքը, նրա արյան ճնշումը, ծխախոտային կախվածության առկայությունը կամ բացակայությունը, այնուհետեւ կանխորոշում է նրա մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:

Արդյունավետորեն գործող ալգորիթմ ստանալու համար Google-ի եւ Verily-ի մասնագետները նեյրոնային ցանցերը մարզել են 300 հազար հիվանդի բժշկական տվյալների վերլուծությամբ:

Աչքի սքանավորման միջոցով սիրտ-անոթային հիվանդությունները ախտորոշելու գաղափարը կարող է հորինված թվալ, սակայն իրականում դրա հիմքում մի շարք ստուգված հետազոտություններն են: Դրանից բացի, ակնահատակում մեծ թվով արյունատար անոթներ կան, որոնք կարող են ցույց տալ մարդու արյունատար համակարգի ընդհանուր վիճակը:

Google-ում կարծում են, որ իրենց մշակումը կարող է բժիշկներին օգնել ավելի հեշտ ու արագ գնահատել հիվանդի վիճակը, քանի որ դրա համար այլեւս արյան անալիզի կարիք չի լինի: Սակայն տեխնոլոգիայի զանգվածային կիրառումը դեռեւս հեռու է. ընկերությունն առայժմ կլինիկական փորձարկումներ չի սկսել:



© NEWS.am Medicine