Բուսական սննդակարգը կօգնի կանխել դիաբետի զարգացումը ավելորդ քաշով մարդկանց մոտ

10:45   24 փետրվարի, 2018

Ավելորդ քաշը կամ ճարպակալումը զգալիորեն բարձրացնում են 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը․ գեր մարդկանց շուրջ 80 տոկոսը բախվում է այդ հիվանդությանը։ Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակված են Nutrients ամսագրում, ցույց է տվել, որ մսից ու կաթնամթերքից հրաժարվելը կարող է կանխել դիաբետի զարգացումը ավելորդ քաշով ու ճարպակալումով մարդկանց մոտ։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ մսից ու կաթնամթերքից հրաժարվելը, ինչն ընդունված է բուսակերների ու վեգանների մոտ, բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունությունը, ինչը դիաբետից գլխավոր պաշտպանական մեխանիզմն է ավելորդ քաշով մարդկանց համար։ Իսնուլինը հորմոն է, որն արձագանքում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակին։ Դիաբետիկների օրգանիզմը կորցնում է ինսուլինին արդյունավետորեն արձագանքելու ունակությունը՝ առաջանում է այսպես կոչված ինսուլինի հանդեպ կայունություն։

Փորձը, որը տեւել է 16 շաբաթ, ցույց է տվել, որ օրգանիզմի զգայունությունը ինսուլինի հանդեպ կարելի է բարձրացնել սննդկաարգի փոփոխությունների՝ մասնավորապես բուսական սննդակարգին անցնելու շնորհիվ։

Հետազոտությանը մասնակցել է 25-75 տարեկան 75 տղամարդ ու կին։ Բոլոր մասնակիցները եղել են գեր կամ տառապել են ճարպակալումից՝ նրանց ՄԶԳ-ն տատանվում էր 28-40-ի միջեւ։ Բայց դիաբետ նրանք չունեին։

Կամավորներին բաժանել են խմբերի՝ մի խմբում շարունակել են հետեւել նախկին սննդակարգին, մյուսում՝ անցել են սննդակարգի, որը բաղկացած էր մրգերից, բանջարեղենից, ոլոռազգիներից ու հատիկավորներից ու միաժամանակ կալորիաների հարցում սահմանափակումներ չեն եղել։ Մասնակիցների ֆիզիկական ակտիվությունը փորձի ընթացքում չի փոխվել։

16 շաբաթ անց պարզվել է, որ բուսակերների խմբում զգալիորեն նվազել են ՄԶԳ ցուցանիշները։ Բացի դրանից, նրանց օրգանիզմում աճել է ինսուլինի հանդեպ կայունությունը։



© NEWS.am Medicine