Ծննդաբերությունից հետո կանայք քանի՞ տարով են ծերանում

09:52   27 փետրվարի, 2018

Ծննդաբերությունը կարող է արագացնել կնոջ օրգանիզմի ծերանալը, պարզել են ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի հետազոտողները:

Գիտնականները անալիզի են ենթարկել վերարտադրողական տարիքի գրեթե 2000 կնոջ ԴՆԹ-ն ու պարզել, տելոմերներն ավելի կարճ են եղել այն կանանց մոտ, ովքեր երեխաներ են ծննդաբերել: Տելոմերները քրոմոսոմների ծայրամասային հատվածներն են, որոնք պաշտպանում են ԴՆԹ-ն եւ կարճանում են օրգանիզմի ծերացմանը համապատասխան: Կարճ տելոմերները զուգակցվում են քաղցկեղային, սրտի հիվանդությունների, տկարամտության մեծ հավանականության հետ: Չծննդաբերած կանանց համեմատությամբ, նրանց տելոմերները, ովքեր թեկուզ մեկ երեխա են ունեցել, 4,2 տոկոսով ավելի կարճ են եղել, սա հավասար է բջջային ծերացման (այսինքն՝ բջջի կիսվելու ունակության կորստի) գրեթե 11 տարվա կամ, հետազոտողների գնահատմամբ, կենսաբանական ծերացման 3 տարվա:

Հետաքրքիր է, որ ծննդաբերությունը տելոմերների երկարության վրա ավելի ուժեղ է ազդել, քան ծխելը կամ ճարպակալումը: Կինը որքան մեծ թվով երեխաներ է ծննդաբերել, այնքան համապատասխանաբար՝ ավելի շատ են կարճացել նրա տելոմերները:

«Մենք կոչ չենք անում երեխաներ չունենալ»,- ընդգծում են հետազոտողները: Նրանք նաեւ խուսափում են խոսել ծննդաբերությունների թվի եւ տելոմերների երկարության միջեւ պատճառահետեւանքային որեւէ կապի մասին ու նշում են նման համահարաբերակցության պատճառների հայտնաբերման նպատակով հետագա հետազոտությունների անհրաժեշտությունը:



© NEWS.am Medicine