D վիտամինը կարո՞ղ է սրտային հիվանդներին վաղաժամ մահից փրկել

23:48   6 մարտի, 2018

D վիտամինի նորմալ մակարդակը կարող է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց շրջանում 30 տոկոսով նվազեցնել վաղաժամ մահվան հավանականությունը: Այս մասին հայտնում են University of Bergen-ի (Նորվեգիա) գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ բավական դժվար է յուրաքանչյուր կոնկրետ հիվանդի համար այս վիտամինի չափաքանակի ճշգրիտ հաշվարկումը: Ինչպես D վիտամինի դեֆիցիտը, այնպես էլ չափից ավելի մեծ քանակությունը կարող են օրգանիզմի աշխատանքի տարբեր խանգարումներ առաջացնել: Գիտնականները շեշտում են, որ հատկապես այս պատճառով D վիտամինը պետք է նշանակի միայն բժիշկը:

ԱՄՆ Ոսկրային հիվանդությունների բժշկության քոլեջի աշխատակիցներն, իրենց հերթին, հանգել են այն եզրակացության, որ D վիտամինի ընդունումը չպետք է առանձնացված լինի. դրա յուրացումը առողջության համար բարենպաստ կլինի միան այն պարագայում, եթե օրգանիզմը ստանա նաեւ բավարար քանակությամբ մագնիում:

Մագնիում լիարժեք չստանալը ժամանակակից մարդկանց մեծամասնության խնդիրն է, քանի որ այն զարգանում է վերամշակված սնունդի չարաշահման ֆոնին: Մագնիումի լավագույն աղբյուրներ են համարվում նուշը, բանանը, հատիկավորները, շագանակագույն բրինձը, ձկան յուղը, դդմի սերմերը, քունջութը եւ արեւածաղիկը, կաթը եւ այլն: Բնակչության սննդակարգում հատկապես այս բնական եւ չմշակված սննդամթերքներն են չափից ավելի պակասում:

Գիտնականների խոսքով՝ մագնիումի բավարար քանակությունը նվազեցնում է D վիտամինի դեֆիցիտի հավանականությունը: D վիտամին ընդունելու հետ կալցիումի եւ ֆոսֆատի մակարդակի բարձրացումը եւ մագնիումի պակասը կարող են բերել անոթային կալցինացման, նախազգուշացնում են փորձագետները:

Կալցինացիան վտանգավոր պաթոլոգիական պրոցես է, որը զարգանում է անոթների պատերին կալցիումի նստվածքի հետեւանքով: Արդյունքում անոթային հյուսվածքը կորցնում է իր առաձգականությունը, ինչը լրջորեն մեծացնում է նույնիսկ աննշան գործոնների ազդեցություններից անոթների վնասման հավանականությունը:

Օրգանիզմում D վիտամինի դեֆիցիտը կարող է կենտրոնական նյարդային համակարգի դիսֆունկցիա, դեպրեսիա եւ նեւրոզներ առաջացնել, ինչպես նաեւ ֆերտիլության հետ կապված խնդիրներ, ավելորդ քաշի եւ դիաբետի հավանականության մեծացում, վարակման ենթակայություն:



© NEWS.am Medicine