Նոր հայտնագործությունը կարող է ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզի բուժման բանալին դառնալ

11:02   7 մարտի, 2018

The Journal of Physiology-ում հրապարակված նոր հետազոտությամբ պարզվել է, թե նեյրոններն ինչպես են արձագանքում ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզին: Սա կարող է դառնալ այս հիվանդության բուժման բանալին:

Ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզը (ԱԿՍ) դանդաղ զարգացող նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են վերին եւ ստորին շարժողական նեյրոնները, ինչը կաթվածահարում եւ մկանների ատրոֆիա է առաջացնում: ԱԿՍ-ով տառապող մարդկանց մեծ մասը ախտանիշների հայտնվելուց հետո 3-5 տարվա ընթացքում մահանում է:

Գիտնականները հայտնաբերել են, որ նեյրոնների այն տեսակները, որոնք սովորաբար առաջինն են ախտահարվում, չափերով մեծանում են դեռեւս մինչեւ ախտանիշների հայտնվելը: Իսկ վերջինը մահացող նեյրոնների չափերը չեն փոփոխվում: Հիվանդության զարգացմանը զուգահեռ՝ այս առանձնահատկությունները էական ազդեցություն են ունենում շարժողական նյարդային բջիջների գործառնության եւ ճակատագրի վրա:

Շարժողական նեյրոնների մեծությունը չափվել է հիվանդության բոլոր փուլերում: Հետազոտողների կարծիքով՝ նեյրոնների չափերը փոփոխությամբ փորձում են փոխլրացնել այն ֆունկցիաները, որոնց վրա ԱԿՍ-ն ազդում է: Մասնագետները հույս ունեն, որ նոր հայտնագործությունը կօգնի գտնել ԱԿՍ-ով հիվանդների մոտ նեյրոնների դանդաղումը կամ մահանալը կասեցնելու միջոց:



© NEWS.am Medicine