«Ժամանակավորապես կասեցնել»՝ սա ընդամենը իրավաբանական ձեւակերպում է. Խաչատրյանը՝ կառավարության որոշման մասին

15:25   7 մարտի, 2018

Հայաստանում երբեք չի թույլատրվել դեղատոմսային դեղերը դեղատներում առանց դեղատոմսի վաճառել: Հիմա այս կանոնը կսկսի աստիճանաբար, ըստ ժամանակացույցի ներդրվել. նախ անհնար կլինի առանց դեղատոմսի գնել հակաբիոտիկները եւ հոգեմետ դեղերը, իսկ ժամանակի ընթացքում նաեւ մյուս դեղատոմսային դեղամիջոցները: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Փոխնախարարի խոսքով՝ երեկ բնակչության շրջանում սխալ տեղեկություններ էին տարածել այն մասին, որ կարգի գործողությունն իբր կասեցվել է: Ըստ որում՝ անտեսում էին «ժամանակավորապես» բառը: Ինչպես նշեց փոխնախարարը, «Ժամանավորապես կասեցնել»-ը ընդամենը իրավաբանական ձեւակերպում է, որը թույլ է տվել կարգի մեջ ուղղումներ կատարել եւ այնպես անել, որպեսզի այն ըստ ժամանակացույցի ներդրվի:

Մեկնաբանելով նոր կարգի նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքը՝ փոխնախարարը նշեց. «Կարծում եմ՝ մենք պետք է մեր սխալներն ընդունենք: Հավանաբար, տեղեկությունը, որ մենք տրամադրել ենք բուժհաստատություններին, անբավարար է եղել, եւ պետք էր նաեւ ավելի շատ տեղեկություններ տարածել հիվանդների, բնակչության շրջանում, որպեսզի նրանք հասկանային, որ իրենք անհանգստանալու խնդիրներ եւ պատճառներ չունեն»:

Փոխնախարարը նաեւ նշեց, որ մոտ 1035 անուն դեղ կվաճառվեն առանց դեղատոմսի. Դրանց թվում են ե՛ւ ցավազրկողներ, ե՛ւ ջերմիջեցնողներ, ե՛ւ փորլուծության դեմ դեղեր եւ շատ այլ դեղեր:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ մարտի 1-ից Հայաստանում համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է տրամադրվեին դեղատոմսերով: Որոշմամբ նաեւ դեղատոմսերի նոր ձեւեր են նախատեսվում: Փետրվարին ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել օրենքը փուլ առ փուլ ներդնել. մարտի 1-ից դեղատոմսերով տրամադրել հակաբիոտիկները, հորմոնները եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկային դեղամիջոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղամիջոցները:

Ավելի ուշ, երբ պարզվեց, որ այս նորմի փուլ առ փուլ ներդրման համար որեւէ իրավական ակտ չկա, առողջապահության նախարարությունը մարտի 6-ին կառավարությանը ներկայացրեց նոյեմբերի 9-ի որոշման ժամանակավոր կասեցման եւ ընթացակարգի փուլ առ փուլ ներդրման մասին օրինագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից: Ընդ որում, հորմոնալ դեղամիջոցներն առաջին փուլից տեղափոխվեցին վերջին փուլ: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են մարտի 1-ից մինչեւ մարտի 6-ը դեղամիջոցները դեղատոմսերով կամ առանց դեղատոմսերի տրամադրվել:



© NEWS.am Medicine