Մասնավոր ընկերությունն իրավունք չունի որեւէ մեկին լիցենզիայից զրկելու. գլխավոր ստոմատոլոգը՝ eHealth օպերատորի կողմից սպառնալիքների մասին 

15:54   7 մարտի, 2018

Մասնավոր ընկերությունը որեւէ մեկին լիցենզիայից զրկելու իրավունք չունի, եւ չի կարելի ստոմատոլոգների հետ շանտաժի լեզվով խոսել: Այս մասին մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանը՝ պատասխանելով այն հարցին, որ Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ ստոմոտոլոգները բողոքել են, որ armed.am կայքի ներկայացուցիչները իրենց սպառնացել են լիցենզիայի զրկմամբ:

Նա նշեց, որ չի ցանկանում կասկածել իր շիրակցի գործընկերոջ խոսքին, սակայն չի ցանկանում նաեւ մտածել, որ իբր էլեկտրոնային առողջապահության համակարգի կոնցեսիոներն իր աշխատանքը շանտաժի միջոցով է կատարում: «Ոչ մեկը չի կարող ստոմատոլոգների հետ շանտաժի լեզվով խոսել: Ասվում էր, որ նրանք սպառնացել են ստոմատոլոգիական կլինիկան լիցենզիայից զրկել: Սակայն ՍՊԸ-ն որեւէ մեկին լիցենզիայից զրկելու իրավունք չունի: Ես ամեն ինչ կպարզեմ եւ պարզաբանում կներկայացնեմ, թե նրանք ինչ իրավունքով են այդպես վերաբերվել մեկ այլ ՍՊԸ տնօրենի հետ»,- ասաց նա:

Լազար Եսայանը հավելեց, որ ստոմատոլոգները առաջադեմ եւ կրթված մասնագետներ են, ովքեր Հայաստանի մտավորականության մաս են կազմում, իսկ Ասոցիացիայում հավաքված է այս ոլորտի լավագույն գիտական պոտենցիալը, եւ ոչ ոք իրավունք չունի նրանց հետ սպառնալիքներով խոսելու:

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Շիրակի մարզի ստոմատոլոգները Գյումրիում մարզպետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ էլեկտրոնային աջողջապահության համակարգի ներդրման ժամկետների եւ սակագների: Այս ակցիայի ժամանակ ստոմատոլոգներից մեկը լրագրողներին պատմել էր, որ armed.am կայքի ներկայացուցիչները իրեն սպառնացել են լիցենզիայից զրկել:

Նշենք, որ Հայաստանի էլեկտրոնային առողջապահության համակարգը (armed.am կայք) կոնցենսիոն կառավարման է հանձնվել Առողջապահության ազգային օպերատոր մասնավոր ընկերությանը:



© NEWS.am Medicine