ԱՆ-ն պարզում է, թե ովքեր են դեղատների մոտ դեղատոմսեր վաճառում. փոխնախարար

17:02   7 մարտի, 2018

Մարտի 7-ին վաղ առավոտից Հայաստանի Առողջապահության նախարարության աշխատակիցները փորձում են պարզել, թե ովքեր եւ որ դեղատների մոտ են դեղատոմսային ձեւաթղթեր վաճառում: Եթե իսկապես այդպիսի մարդիկ հայտնաբերվեն, Առողջապահության նախարարությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատյանը:

Երեկ՝ մարտի 6-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանին, ասաց, թե «տեղեկություն կա, որ այդ դեղատոմսերն արդեն դեղատների դիմաց են գրվում, ըստ որում՝ լրացուցիչ վճարով»:

«Ես լսել եմ, որ նման բան է տեղի ունենում, սակայն ինձ համար շատ ցավալի է նման բան լսելը: Այսօր առավոտվանից մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի պարզենք, թե դա որտեղ է տեղի ունենում, ով է դա անում եւ ինչ նպատակով: Երբ նման դեպքեր հայտնաբերենք, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք»,- նշեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ մարտի 1-ից Հայաստանում համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է տրամադրվեին դեղատոմսերով: Որոշմամբ նաեւ դեղատոմսերի նոր ձեւեր են նախատեսվում: Փետրվարին ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել օրենքը փուլ առ փուլ ներդնել. մարտի 1-ից դեղատոմսերով տրամադրել հակաբիոտիկները, հորմոնները եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկային դեղամիջոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղամիջոցները:

Ավելի ուշ, երբ պարզվեց, որ այս նորմի փուլ առ փուլ ներդրման համար որեւէ իրավական ակտ չկա, առողջապահության նախարարությունը մարտի 6-ին կառավարությանը ներկայացրեց նոյեմբերի 9-ի որոշման ժամանակավոր կասեցման եւ ընթացակարգի փուլ առ փուլ ներդրման մասին օրինագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից: Ընդ որում, հորմոնալ դեղամիջոցներն առաջին փուլից տեղափոխվեցին վերջին փուլ:

Նոր կարգը մարդկանց շրջանում խուճապ եւ վրդովմունքի ալիք առաջացրեց. շատերը մի քանի օրում՝ մինչեւ գարնան առաջին օրը դեղատներում դեղեր էին գնում՝ հիմնականում հակաբիոտիկներ, հորմոնային եւ կարդիո դեղամիջոցներ՝ վախենալով, որ մարտի 1-ից հետո կարող են դեղերի հասանելիության խնդիրներ առաջանալ:



© NEWS.am Medicine