Ում կողմից եւ ինչպես են լրացվում դեղատոմսերը. պարզաբանում է ՀՀ ԱՆ

16:29   7 մարտի, 2018

Մարտի 1-ից Հայաստանում մեկնարկել է դեղերի դեղատոմսով բաց թողնման գործընթացն ըստ ժամանակացույցի։

Ներկայացնում ենք, թե ում կողմից եւ ինչպես են լրացվում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված դեղատոմսերը։

Թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 1

Նշանակվում եւ լրացվում է բուժող բժշկի կողմից` անկախ մասնագիտությունից:

Թմրամիջոցներ պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ եւ տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դուրս գրման դեղատոմս N 2

Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսը ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ եւ տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

Մեկանգամյա օգտագործման դեղատոմս N 3

Դեղատոմսը լրացվում եւ դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Մեկանգամյա օգտագործման դեղատոմսի դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:

Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեղատոմս N 4

Դեղատոմսը լրացվում եւ դուրս է գրվում բուժող բժշկի կողմից: Դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Բազմակի օգտագործման դեղատոմսի  դրոշմակնիքով հաստատում չի պահանջվում:

Բժշկի կողմից N 3 եւ N 4 դեղատոմսերով անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի դուրս գրման դեպքում դրանք հաստատվում են  բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ եւ տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):

Հավելենք, որ բոլոր դեղատոմսերը բուժող բժիշկներին տրամադրվում է բժշկական կազմակերպությունների ադմինիստրացիայի կողմից։

 

 

 



© NEWS.am Medicine