Սպորտային սնունդը կարող է կապար եւ մկնդեղ պարունակել

23:49   8 մարտի, 2018

Բոդիբիլդերների եւ սպորտով ակտիվորեն զբաղվող մարդկանց շրջանում տարածված պրոտեինային խառնուրդները կարող են նյութեր պարունակել, որոնք մարդու առողջության համար չափազանց վտանգավոր են, ինչպիսին են՝ կապարը եւ մկնդեղը: Մասնագետները զգուշացնում են, որ այս նյութերից մի քանիսը կարող են առաջացնել նաեւ քաղցկեղ:

Clean Label Project ընկերության աշխատակիցների իրականացրած փորձաքննության արդյունքների համաձայն՝ մեծ թվով պրոտեինային խառնուրդներում պարունակվում է բիսֆենոլ-A, ըստ որում՝ էական քանակությամբ:

Գիտնականներն առաջին անգամ չեն հիշատակում այս քիմիական նյութը որպես օրգանիզմի ամբողջականությանը սպառնացող բաղադրիչ: Բիսֆենոլ-A-ն քիմիական նյութ է, որն օգտագործվում է պլաստիկե եւ ռետինե իրերի արտադրության մեջ: Հայտնի է, որ մարդու օրգանիզմում հայտնվելու դեպքում բիսֆենոլ-A-ն բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա եւ մի ամբողջ շարք խնդիրներ է առաջացնում՝ անպտղությունից մինչեւ հորմոնալ խանգարումներ: Այս քիմիկատը նաեւ կարող է պրոցեսների պատճառ դառնալ, որոնք տանում են ուռուցքների առաջացման:

Փորձարկման համար 52 առեւտրային մակնիշներից 134 անուն պրոտեինային խառնուրդ են գնել: Ստուգել են դրանց մեջ աղտոտող նյութերի պարունակությունը, որոնք կապված են քաղցկեղի եւ այլ հիվանդությունների զարգացման հետ: Ստուգման արդյունքները պետք է զգուշացնեն նրանց, ովքեր սպորտային կազմվածք են պահում՝ համանման արտադրանք օգտագործելով:

Հետազոտությամբ պարզվել է, որ «օրգանական» պրոտեինային խառնուդները ոչ օրգանականների համեմատությամբ գրեթե 2 անգամ ավելի շատ են ծանր մետաղներ պարունակում. օրգանական խառնուրդների 75 տոկոսը կապարի պարունակության դրական արդյունք է ունեցել:



© NEWS.am Medicine