Ավելի լավ է տանձաձեւ կազմվածք ունենալ, քան խնձորաձեւ. հետազոտություն

10:53   10 մարտի, 2018

Մարմնի ձեւը կարող է մեծ դեր խաղալ այն հարցում, թե դուք որքանով եք վտանգված սրտի տագնապ ունենալուն եւ վաղաժամ մահանալուն, պնդում են UK Biobank կազմակերպության գիտնականները: Հավանականությունն ավելի բարձր է այն մարդկանց շրջանում, որոնք խնձորաձեւ կազմվածք ունեն, այսինքն՝ իրանի շրջանում ճարպի մեծ կուտակումներ: Սա հատկապես վերաբերում է կանանց:

Նոր հետազոտությունը, որը հրապարակվել է  Սրտի ամերիկյան ասոցիացիայի ամսագրում (JAHA), ցույց է տվել, որ «խնձորաձեւ» կազմվածքով կանանց շրջանում սրտի տագնապի հավանականությունը ավելի մեծ է, քան «տանձաձեւ կազմվածքով» կանանց շրջանում (ճարպային շերտերն առավելապես ազդրերի շրջանում են):

UK Bioban-ի փորձագետները կատարել են 40-69 տարեկան մոտ 500 հազար մարդու տվյալների վերլուծություն: Ներկայիս հետազոտությունը շարունակվել է 7 տարի:

Այս ընթացքում գիտնականները հետազոտության մասնակիցների շրջանում գրանցել են սրտի կաթվածի կամ սրտի կանգի 5710 դեպք, ըստ որում՝ սրտի կաթվածի 28 տոկոսը տեղի է ունեցել կանանց մոտ: Հետազոտական խումբն ընդունել է, որ ճարպակալման ցանկացած ձեւն օրգանիզմի վրա բացասաբար է ազդում եւ սրթի կաթվածի հավանականությունը մեծացնում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Սակայն սրտի հետ կապված խնդիրներն ավելի շատ են եղել գոտկատեղի մեծ շրջագծով կանանց մոտ, նույնիսկ եթե նրանք չեն տառապել ճարպակալման ծանր ձեւով:

Գոտկատեղի շրջագիծը եւ ազդրերին գոտկատեղի հարաբերակցությունը սրտի կաթվածի հետ ավելի սերտորեն են կապակցված կանանց, քան տղամարդկանց մոտ: «Մեր արդյունքները հաստատում են այն կարծիքը, որ փորի եւ իրանի շրջանում ճարպի մեծ քանակության առկայությունը (հատուկ է խնձորաձեւ կազմվածքին) ավելի վտանգավոր է, քան ազդրերում կուտակվող ճարպը (հատուկ է տանձաձեւ կազմվածքին)»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Սաննի Պետերսը:

Խնձորաձեւ կազմվածքով մարդկանց մոտ, որպես կանոն, ավելի շատ է վիսցերալ ճարպը, այսինքն՝ ճարպային շերտերը ոչ թե ենթամաշկային շերտերում, այլ ներքին օրգանների շուրջը, առավելապես որովայնային խոռոչում: Օրգանների շուրջ ճարպի հաստ շերտը մեծացնում է տարբեր հիվանդությունների հավականանության առաջացումը:  Սրտի ամերիկյան ասոցիացիայի (AHA's 2018 Statistical Update) վիճակագրական տվյալների համաձայն՝ զարգացած երկրներում 20 եւ ավելի մեծ տարիքի կանանց մոտ 40 տոկոսը եւ տղամարդկանց 35 տոկոսը տառապում է ճարպակալմամբ:



© NEWS.am Medicine