Երեւանցիները առաջիկա 3-4 ամսվա համար դեղերի պաշար են հավաքել. NEWS.am Medicine-ի հարցումը

20:13   9 մարտի, 2018

Մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը Երեւանի դեղատներում սարսափելի իրարանցում էր. մարդիկ տուփերով դեղեր էին գնում՝ վախենալով, որ դեղատոմսով դեղերի բաց թողնման նոր կարգից հետո նրանք դեղերի մատչելիության հետ խնդիրներ կունենան: NEWS.am Medicine-ի թղթակցի հարցման ժամանակ երեեւանյան դեղատների աշխատակիցները հայտնել են, որ մարտի 1-ից հետո դեղատներում այցելուների թիվը զգալիորեն նվազել է, քանի որ շատ մարդիկ արդեն դեղերի 3-4 ամսվա պաշար են գնել:

Դեղատան աշխատակիցները պատմել են, որ մարդիկ գնել են հիմնականում հորմոնալ դեղեր, հակաբիոտիկներ, ցավազրկողներ: Անցորդներից մեկը NEWS.am Medicine-ին խոստովանել է, որ հասցրել է 3 ամսվա ցավազրկողների, ճնշման եւ այլ դեղերի պաշար գնել. նա վախեցել է, որ կարող է չհասցնել բժշկի գնալ այդ դեղերի համար դեղատոմս ստանալու նպատակով, որոնք նա պարբերաբար ընդունում է:

Հարցման ժամանակ պարզվել է, որ մարտի 1-6-ը շատ երեւանյան դեղատներում դեղատոմսով վաճառել են հակաբիոտիկներ, հորմոնալ, հակասնկային, որոշ հակավիրուսային եւ կոդեին պարունակող  ցավազրկող դեղեր:

Մարտի 6-ից, երբ հայտնի դարձավ, որ հորմոնալ դեղերը դետոմսով վաճառվելու են միայն հոկտեմբերի1-ից, շատ դեղատներում սկսեցին դրանք ազատ վաճառել: Ճիշտ է, կան դեղատներ, որտեղ այսօր էլ հորմոնալ դեղերը վաճառելու համար դեղատոմս են պահանջում: Ավելին՝ քաղաքի դեղատներից մեկում մեզ հայտնեցին, որ դեղատոմսով վաճառում են դեղատոմսով բաց թողնվող բոլոր դեղերը:

Ինչ վերաբերում է բնակչությանը,  NEWS.am Medicine-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ մարդկանց մեծամասնությունը դեռ ընդհանրապես չի պատկերացնում, ինչ դեղեր կարելի է ազատ գնել, իսկ որոնք դեղատոմսով: Ավելին՝ շատ մարդիկ չեն վստահում պոլիկլինիկաներին  եւ վախենում են այնտեղ դիմել: Անցորդներից մեկը նշել է, որ պոլիկլինիկայում դեղատոմս ստանալու համար, պետք է մաղարիչ անել բժշկին եւ երկար ժամանակ կորցնել հերթերում թղթային քաշքշուկի պատճառով: Մեկ այլ կին խոստովանել է, որ իր կարծիքով, պոլիկլինիկաներում  «մակարդակն այն չէ»:

«Բժիշկներն են խորհուրդ տալիս անալիզ հանձնել ուրիշ լաբորատորիաներում: Երբ հանձնում ես եւ լաբորատորիայում եւ պոլիկլինիկայում, ստանում ես բոլորովին տարբեր պատասխաններ», - ասել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 9-ի որոշմամբ մարտի 1-ից Հայաստանում համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է տրամադրվեին դեղատոմսերով: Որոշմամբ նաեւ դեղատոմսերի նոր ձեւեր են նախատեսվում: Փետրվարին ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել օրենքը փուլ առ փուլ ներդնել. մարտի 1-ից դեղատոմսերով տրամադրել հակաբիոտիկները, հորմոնները եւ կոդեին պարունակող դեղերը, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկային դեղամիջոցները, իսկ հոկտեմբերի 1-ից՝ համապատասխան ցուցակում ընդգրկված բոլոր դեղամիջոցները:

Ավելի ուշ, երբ պարզվեց, որ այս նորմի փուլ առ փուլ ներդրման համար որեւէ իրավական ակտ չկա, առողջապահության նախարարությունը մարտի 6-ին կառավարությանը ներկայացրեց նոյեմբերի 9-ի որոշման ժամանակավոր կասեցման եւ ընթացակարգի փուլ առ փուլ ներդրման մասին օրինագիծը, որը հաստատվեց կառավարության կողմից: Ընդ որում, հորմոնալ դեղամիջոցներն առաջին փուլից տեղափոխվեցին վերջին փուլ: Եվ դեռ պարզ չէ, թե ինչ հիմքով են մարտի 1-ից մինչեւ մարտի 6-ը դեղամիջոցները դեղատոմսերով կամ առանց դեղատոմսերի տրամադրվել:



© NEWS.am Medicine