Նեպալում դաշտանի ժամանակ կանանց գյուղերից արտաքսում են

15:51   11 մարտի, 2018

Նեպալի գյուղերում դաշտանի ժամանակ աղջիկներին զրկում են նորմալ կյանք վարելու հնարավորությունից, նստեցնում են բրնձի ու ջրի վրա եւ ուղարկում դաշտանային խրճիթներ կենդանիների եւ օձերի մոտ: Այս մասին նշված է Lenta.ru-ի ռեպորտաժում:

Դաշտանի ժամանակ աղջիկներն ու կանայք իրավունք չունեն ձեռք տալ անասունին, քանի որ, չաուփադի ավանդույթի համաձայն, նրանց հպումից հետո այծերն ու ոչխարները կդադարեն կաթ տալ: Այդուհանդերձ, նրանց ուտելիք տալ թույլատրվում է: Չաուփադին դաշտանի ժամանակ կանանց զրկում է ցանկացած աշխատանք կատարելու հնարավորությունից: «Պղծված կինը չի կարող ձեռք տալ ծառերին, քանի որ այն կդադարի պտուղ տալ, իրավունք չունի տղամարդուն հպվելու, եթե չի ցանկանում, որ նա հիվանդանա, եւ նույնիսկ իրավունք չունի գիրք կարդալ, որպեսզի չզայրացնի կրթության աստվածուհի Սարասվաթիին:

Այդ ժամանակ կանայք նաեւ իրավունք չունեն օգտագործելու կաթ, յոգուրտ, կարագ, միս եւ այլ սննդարար ուտելիք՝ այս մթերքների փչանալն առաջացնելու վախի պատճառով: Նրանք կարող են ուտել միայն աղով բրինձ եւ ջուր խմել:

Դաշտանի ժամանակ կանանց արգելված է օգտվել ջրի հասարակական աղբյուրներից եւ կոյուղուց: Այս պատճառով նրանք ստիպված են ջուր որոնել գյուղի սահմաններից դուրս:

Օձի խայթոցներն այն հիմնական պատճառն է, որի հետեւանքով մահանում են դաշտանային խրճիթներում բանտարկված կանայք: 2017 թվականի ամռանը հաղորդվել էր մի աղջկա մասին, որը օձի խայթոցի հետեւանքով մահացել էր դաշտանային խրճիթում բանտարկության ժամանակ: Հնագույն ավանդույթի համաձայն՝ բժիշկներին չէին կարող թույլ տալ նրան այցելել, այս պատճառով նա տանջալից մահ է ունեցել խայթոցից 7 ժամ հետո:

2005 թվականին Նեպալի Գերագույն դատարանը չաուփադիի պրակտիկան ապօրինի է ճանաչել, սակայն այն ամբողջությամբ վերացնելն այնքան էլ հեշտ չէր: Այս պատճառով 2017 թվականին օրենք է ընդունվել, որը պատիժ է սահմանում նրանց համար, ովքեր կանանց ստիպում են  դաշտանային խրճիթներ ուղեւորվել:



© NEWS.am Medicine