Սպորտի որ ձեւն է օգնում ծերացման դանդաղմանը

18:04   11 մարտի, 2018

Բիրմինգեմի համալսարանի եւ Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, թե ինչպես է հեծանվի վարումը ազդում ծերացման պրոցեսի վրա, հայտնում է Medical Xpress պորտալը:

Նրանք  հետազոտությանը մասնակցելու համար հրավիրել են 55-79 տարեկան 125 հեծանվասիրահարների: Տղամարդիկ (84 մարդ) պետք է ոչ պակաս 6,5 ժամում անցնեին 100 կմ, կանայք (41 մարդ)՝ 5,5 ժամում 60 կմ: Հետազոտությանը մասնակցել են միայն արյան նորմալ ճնշմամբ չծխողները, հազվադեպ խմողները: Մասնակիցներն անցել են լաբորատոր տեստերի շարք, որից հետո դրանց արդյունքները համեմատել են 75 մարդկանց (57-80 տարեկան), որոնք կանոնավորապես սպորտով չեն զբաղվում, եւ 55 երիտասարդների (20-36 տարեկան) ցուցանիշների հետ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ֆիզիկապես ակտիվ մասնակիցների ուժը եւ մկանային զանգվածը չի պակասել: Հեծանվորդների մոտ տարիքին զուգահեռ չի աճում նաեւ ճարպի եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը, իսկ տղամարդկանց մոտ պահպանվում է տեստոստերոնի բարձր պարունակությունը:

Դրանից բացի, պարզվել է, որ սպորտով զբաղվելը մեծացնում է թիմուսի՝ ուրցագեղձի ակտիվությունը: Այս օրգանը, որում ցողունային բջիջները վերափոխվում են Т-լիմֆոցիտների, տարիքին զուգահեռ չափերով փոքրանում է: Հետազոտությունը, սակայն, ցույց է տվել, որ հեծանվորդների մոտ թիմուսը իմունային համակարգի նույնքան բջիջներ է արտադրում, որքան եւ երիտասարդ մարդկանց մոտ:

Նրանց մարմինները ծերացել են, այսպես ասած, օպտիմալորեն՝ առանց խնդիրներ, որոնք սովորաբար առաջանում են կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությամբ:



© NEWS.am Medicine