Ալերգիայի դեմ դեղամիջոցները կարո՞ղ են տղամարդկանց անպտղություն առաջացնել

10:52   12 մարտի, 2018

Հակագիստամինային դեղամիջոցները, որոնք կիրառվում են ալերգիայի դեմ պայքարելու համար, կարող են տղամարդկանց ֆերտիլության նվազում առաջացնել: Այսպիսի եզրակացության են հանգել Բուենոս Այրեսի Կենսաբանության եւ փորձարարական բժշկության ինստիտուտի (Արգենտինա) գիտնականները:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են վերջին 40 տարիների գիտական հետազոտությունները՝ կապված տարբեր կենդանիների առողջության վրա այս դեղամիջոցների ազդեցության հետ: Գիտնականներն ուշադրություն են դարձրել, որ գիստամինի ակտիվության արգելակումը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար է ներգործում տեստոստերոնի արտադրման վրա:

Հետազոտության հեղինակները նշում են, որ սա կարող է բերել սերմնաբջիջների ձեւափոխության, դրանց ակտիվության եւ քանակության նվազման: Հետազոտողները ուշադրություն են դարձնում մարդկանց վրա ծավալուն հետազոտությունների անհրաժեշտությանը՝ հասկանալու համար հակագիստամինային դեղամիջոցների եւ ֆերտիլության կապը: Ըստ որում՝ կենսաբանները խորհուրդ են տալիս համանման դեղերը չչարաշահել:



© NEWS.am Medicine