ԱՀԿ-ն զգուշացրել է «Իքս հիվանդության» հնարավոր գլոբալ համաճարակի մասին

14:23   12 մարտի, 2018

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նախազգուշացրել է նոր գլոբալ համաճարակի մեծ հավանականության մասին:

Կազմակերպությունից հայտնում են, որ ներկայումս գիտնականները հետազոտում են առավել տարածված ախտածինները, որոնք կարող են հիվանդությունների բռնկում առաջացնել: Դրանք կարող են լինել ինչպես մարդկությանն արդեն հայտնի հիվանդությունները, օրինակ՝ վիրուսային հեմոռագիկ տենդերը, ինչպիսին են Էբոլան եւ Լասսան, այնպես էլ դեռեւս չնույնականացված վիրուսները:

Կան, այսպես կոչված, «Իքս հիվանդության» դրսեւորման բավականաչափ աղբյուրներ. դա ե՛ւ մշտապես փոփոխվող հայտնի վարակներն են, ինչպիսին է Զիկա վիրուսը, ե՛ւ զոոնոզային վարակները, որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից: Սպառնալիք են ներկայացնում նաեւ արհեստականորեն ստեղծված վիրուսները՝ կենսաբանական զենք, որոնք կարող են լաբորատորիաներից գողանալ:

Գիտնականներն արդեն քննարկում են ու միջոցներ մշակում «Իքս հիվանդության» դեմ պայքարի համար, որպեսզի ցանկացած սպառնալիքի արագ արձագանքեն: Այլապես, զգուշացնում են ԱՀԿ փորձագետները, նոր համաճարակը կարող է մարդկության համար նույնքան մահաբեր լինել, ինչպես 20-րդ դարասկզբին իսպանկան: 1918-1919  թվականներին գրիպի զանգվածային համաճարակի հետեւանքով մահացել է մի քանի տասնյակ միլիոն մարդ:



© NEWS.am Medicine