Տարածված մանկական խյուսերը կարող են ճարպակալո՞ւմ առաջացնել

21:29   12 մարտի, 2018

Վերջին շրջանում տարածված մանկական խյուսերը, որպես կանոն, չափից ավելի քաղցր են, այս պատճառով պարզապես չեն կարող առողջ սնունդ համարվել, պնդում են մասնագետները: Նույնիսկ իբր բրոկոլիից եւ կարմիր պղպեղից խյուսը առավելապես կազմված է խնձորից եւ տանձից ու երեխաների մեջ քաղցրի նկատմամբ սեր է սերմանում:

Մասնագետների խոսքով՝ քաղցր խյուսը փոքրիկների ատամների համար վնասակար է, այն կարող է նաեւ փոքրիկների մոտ ճարպակալում առաջացնել: Որոշ տարածված մթերքներ, որոնք պետք է սուր կամ գրգռող համ ունենան եւ պարունակեն բրոկոլի ու կարմիր պղպեղ, իրականում այս բաղադրիչների աննշան քանակություն են պարունակում: Այս մթերքներն առավելապես պատրաստվում են խնձորից եւ տանձից: Բրիտանացի նուտրիցիոնիստները, որոնց թվում է բժիշկ Հելեն Քրոուլին, գնահատել են զտված մանկական սնունդի 343 տարատեսակների պարունակությունը: Դրանց մեծ մասն իսկապես կազմված էր վերամշակված խնձորից ու տանձից, չնայած փաթեթավորման վրա առկա այլ բաղադիչների անվանմանը:

Խնձորը եւ տանձը մեծ քանակությամբ ֆրուկտոզա են պարունակում, որը կործանարար է ազդում փոքրիկի բերանի խոռոչի առողջության վրա: Զգալի քանակությամբ ֆրուկտոզա օգտագործելու դեպքում երեխայի մոտ կարող է մշակվել քաղցր ուտելիքի նկատմամբ յուրահատուկ ճաշակ, եւ նրան ուրիշ ուտելիքը դուր չի գա, ինչի հետեւանքով նա հետագայում կդառնա մանկական ճարպակալման զոհը:

Փորձագետների ենթադրությամբ՝ խնձորի եւ տանձի ակտիվ օգտագործումը պատճառաբանվում է դրանց գնի մատչելիությամբ, մաքրելու գործընթացի դյուրությամբ եւ փոքրիկների կողմից լավ յուրացմամբ:



© NEWS.am Medicine