Իռլանդացու գլխի մեջ  օդով լցված խոռոչ է գոյացել

10:42   13 մարտի, 2018

Իրենց պրակտիկայի ընթացքում բժիշկները բազմիցս են բախվում դեպքերի, որոնք կարող են փակուղում դնել նաեւ չափազանց փորձառու մասնագետին: Այսպիսի միջադեպերից մեկը տեղի է ունեցել 84-ամյա իռլանդացու հետ: Դեպքը BMJ Case Reports պարբերականում նկարագրել է բժիշկ Ֆինլեյ Բրաունը:

Տղամարդը բժիշկներին բողոքել է վատ կողմնորոշման հետ կապված խնդիրներից: Տարեց իռլանդացին վերջին ամիսներին, իր իսկ խոսքով, ծայրահեղ անշնորհք էր դարձել, պարբերաբար սայթաքում էր եւ ընկնում: Բժշկի դիմելուց մի քանի օր առաջ նա նաեւ մարմնի ձախ հատվածի թուլություն է զգացել: Այս ամենի հետ մեկտեղ, տարեց մարդու խոսքը եւ տեսողությունը միանգամայն նորմալ էին:

Սկզբում բժիշկները ոչ մի պաթոլոգիա չեն հայտնաբերել՝ եզրակացնելով, որ պերիֆերիկ նյարդային համակարգը նորմալ է աշխատում: Մասնագետները կաթված են կասկածել, որից հետո համակարգչային տոմոգրաֆիա է կատարվել: Արդյունքները փորձագետներին չափազանց զարմացրել են. աջ ճակատային հատվածի տեղում դատարկություն էր: Ֆինլեյ Բրաունը ենթադրել է, որ երիտասարդ տարիներին վիրահատություն է կատարվել, սակայն հիվանդի խոսքով՝ նրա կյանքում համանման ոչ մի բան չէր եղել: Հետագայում կատարված մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով գանգի առջեւի հատվածում օդով լցված խոռոչ է հայտնաբերվել, որի տրամագիծը 9 սմ-ի էր հասնում: Այսպիսի երեւույթն անվանում են «պնեւմատոցելե». այն կարող է հայտնվել վնասվածքներից, ինֆեկցիաներից կամ վիրաբուժական միջամտություններից հետո:

Նկարագրված դեպքում պատճառը բարորակ ուռուցքն էր՝ օստեոման: Այն առաջացել էր գլխուղեղի ցանցավոր ոսկրի-կենտ ոսկրի հատվածում, որը քթի խոռոչն առանձնացնում է գանգի խոռոչից: Ոսկրի վնասման հետեւանքով օդը սկսել է մտնել գանգ, այնպես որ՝ առաջացել է միակողմանի փականի էֆեկտ:

Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ գանգում աճող ճնշումը առաջացրել է աննշան արյան զեղում, որը եւ բերել է նախնական ախտանշանների դրսեւորմանը: Բժիշկներն առաջարկել են վիրահատություն կատարել, որը կկանխեր երկրորդ արյան զեղման վտանգը: Սակայն հիվանդն ընտրել է կոնսերվատիվ բուժումը՝ վտանգներից վախենալով: Արդեն 12 շաբաթ հետո հիվանդը հայտարարել է նորմալ ինքնազգացողության մասին, այնպես որ՝ բուժումը կարելի է հաջողված համարել:



© NEWS.am Medicine