Յուրաքանչյուր չորրորդ մեծահասակը նվազագույնը 2 քրոնիկական հիվանդություն ունի. հետազոտություն

15:34   13 մարտի, 2018

Ժամանակակից մարդիկ առողջական մեծ թվով խնդիրներ ունեն. յուրաքանչյուր չորրորդը նվազագույնը 2 քրոնիկական հիվանդություն ունի: Այսպիսի զարմանալի եզրակացության են եկել Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները:

Նրանց հետազոտության համաձայն, որը տեւել է 4 տարի եւ առնչվել 40 հազարից ավելի մարդու, Մեծ Բրիտանիայի մեծահասակ բնակչության 27,2 տոկոսը առողջական բազմաթիվ խնդիրներ ունի: Ընդհանուր պրակտիկայի բժիշկների մեծամասնությունը աշխատում է մեծ թվով հիվանդների հետ, որոնք միաժամանակ մի քանի խանգարումներով են տառապում: Այդ հիվանդությունների շարքում շատ հաճախ են հանդիպում շաքարախտը, ճարպակալումը, հիպերտոնիան եւ սրտի հիվանդությունները: Դեղատոմսերի 80 տոկոսից ավելի այսօր դուրս են գրվում այն մարդկանց համար, ովքեր մի քանի հիվանդություն ունեն: Ըստ որում՝ այս իրավիճակը տարեցտարի ավելի է վատթարանում, իսկ մարդկանց ոչ առողջ կենսակերպը միայն նպաստում է հիվանդացության աճին:

Բրիտանացիներն ավելի հաճախ տառապել են հիպերտոնիայով, որը գրանցված է յուրաքանչյուր հինգերորդի մոտ: Հիվանդներից 10 տոկոսը տառապել է դեպրեսիայով կամ տագնապալի վիճակով, իսկ եւս 10 տոկոսը՝ քրոնիկական ցավերով: Հետազոտությունը ցույց է տվել, որ զանազան հիվանդություններն իարար են հատվել, իսկ 75 եւ ավելի մեծ տարիքի մարդկանց շրջանում դրանց միջին թիվը կազմել է երեք:

Ընդհանուր առմամբ, կանանց 30 տոկոսը տառապել է առողջական մի քանի խանգարմամբ, իսկ տղամարդկանց շրջանում՝ 24,4 տոկոսը: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենց ստացած տեղեկությունները պետք է հիմք ծառայեն ավելի մասնագիտացված բժշկական պրակտիկաների ստեղծման համար, որոնք կզբաղվեն հիվանդների համալիր բուժմամբ, այլ ոչ թե յուրաքանչյուր խանգարման դեմ առանձին պայքարելով:



© NEWS.am Medicine