2017 թվականին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 691 նոր դեպք

14:01   15 մարտի, 2018

2017 թվականին Հայաստանում գրանցվել է  տուբերկուլյոզի 691 նոր դեպք՝ 14 տոկոսով ավելի քիչ, քան 2016-ին: 2017-ի տվյալներով՝ երկրում տուբերկուլյոզով հիվանդացությունը կազմել է 100 հազար բնակչին 23.1 դեպք, մինչդեռ 2016-ին այս ցուցանիշը մի փոքր բարձր էր՝ 100 հազար բնակչին 27.4 դեպք: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱՆ գլխավոր ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի 84 հիվանդի մոտ տուբերկուլյոզից բացի,  ախտորոշվել է ՄԻԱՎ ինֆեկցիա: Հետաքրքիր է, որ ՄԻԱՎ-ն այս հիվանդների մոտ ավելի հաճախ ախտորոշվում է նրանց մոտ տուբերկուլյոզը հայտնաբերելուց հետո, եւ հաճախ՝ շատ ուշացած, արդեն ՁԻԱՀ-ի փուլում: Ամբողջ հարցն այն է, որ ՄԻԱՎ ինֆեկցիան կարող է իրեն չզգացնել մի քանի տարի շարունակ՝ այս ամբողջ ընթացքում թուլացնելով այն կրողի օրգանիզմը եւ նրան խոցելի դարձնելով այլ ինֆեկցիաների նկատմամբ: Իսկ երբ հիվանդի մոտ հայտնաբերում են երկու ինֆեկցիաներն էլ, պարզվում է, որ նա նվազագույնը 7-8 տարի ՄԻԱՎ-ով վարակված է:

Ինչպես նշեց ֆթիզիատրը, տարբեր տեղեկությունների համաձայն՝ ՄԻԱՎ-տուբերկուլյոզ համակցված հիվանդների 40-ից մինչեւ 70 տոկոսը վաղ թե ուշ մահանում է տուբերկուլյոզի հետեւանքով:

Լյուբով ՆԻկոլայանը նաեւ նշեց, որ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլյոզի հետեւանքով մահացած 25 մեծահասակ հիվանդները նաեւ վարակված էին ՄԻԱՎ ինֆեկցիայով: Այս նույն ժամանակահատվածում կենտրոնական նյարդային համակարգի տուբերկուլյոզի հետեւանքով մահացել է 12 երեխա եւ դեռահաս, սակայն նրանցից ոչ մեկը ՄԻԱՎ ինֆեկցիայով վարակված չէր:

2017 թվականին տուբերկուլյոզի հետեւանքով ընդհանուր մահացել է 55 մարդ, եւ նրանցից գրեթե կեսը վարակված էր նաեւ ՄԻԱՎ ինֆեկցիայով:



© NEWS.am Medicine