Հայաստանում առողջանում է բազմաթիվ դեղային կայունությամբ տուբերկուլյոզով հվանդների 53 տոկոսը

15:21   15 մարտի, 2018

Հայաստանում բուժվում է տուբերկուլյոզով հիվանդների 82.3 տոկոսը, սակայն բազմաթիվ դեղային կայունությամբ տուբերկուլյոզի դեպքում արդյունավետ բուժման ցուցանիշն ավելի ցածր է՝ 53 տոկոս: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱՆ գլխավոր ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանը:

Նրա խոսքով՝ չնայած տուբերկուլյոզով հիվանդացությունը երկրում նվազում է, կան մի ամբողջ շարք չլուծված խնդիրներ, որոնց շարքում կարեւոր է հակաբիոտիկների նկատմամբ ռեզիստենտությունը: Այս խնդիրն այսօր արդիական է ամբողջ աշխարհում, եւ տուբերկուլյոզի կայուն ձեւերը ամեն տարի ավելի ու ավելի շատ են տարածվում:

Ինչպես պարզաբանեց մասնագետը, հակաբիոտիկների ընտրությունը, որոնք կարելի է կիրառել տուբերկուլյոզի բուժման համար, այնքան էլ շատ չէ, եւ եթե տուբերկուլյոզի հարուցիչ միկրոբակտերիաները հիմնական դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտ են դառնում, դա նկատելիորեն դժվարացնում է բուժումը եւ կանխատեսումը վատթարացնում:

Բազմաթիվ հակաբիոտիկների նկատմամբ կայուն տուբերկուլյոզի բուժումը դժվար է, թանկարժեք եւ երկար է տեւում: Եվ եթե բուժման թանկարժեքության մասին հիվանդները ստիպված չեն մտահոգվել՝ բուժման համար վճարում է պետությունը եւ բարեգործական միջազգային կազմակերպությունները, ապա ժամանակի կորուստը հիվանդի համար արդեն լուրջ խնդիր է. եթե տուբերկուլյոզի սովորական ձեւերի բուժումը տեւում է մոտ 6 ամիս, ապա բազմաթիվ դեղային կայունությամբ տուբերկուլյոզի բուժումը՝ մոտ 2 տարի:

Այսպիսի ժամանակահատվածի ընթացքում բուժումը չընդհատելը երբեմն շատ դժվար է, քանի որ որոշ հիվանդներ, որոնք Ռուսաստանում են աշխատում, պատրաստ են բուժումից հրաժարվել հանուն վաստակելու եւ ընտանիքը պահելու: Բուժման ընդհատումը վտանգավոր է ոչ միայն իր՝ հիվանդի համար, այլեւ շրջապատի, քանի որ նա նպաստում է տուբերկուլյոզի հարուցիչի դեղային կայունության զարգացմանը:



© NEWS.am Medicine