Հնդկաստանի դեսպանը «Մուրացան» համալիրին նվիրաբերեց թալասեմիայի համար անհրաժեշտ դեղեր

16:42   16 մարտի, 2018

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալիրում էր՝  համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր նվիրաբերելու նպատակով:

Յոգեշվար Սանգվանը նշեց, որ Հնդկաստանի դեսպանությունն արդեն երրորդ անգամ է հանդես գալիս նման կարևոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ներդրում  ունենալ հիվանդ երեխաների բուժման գործում:

Նա վստահություն հայտնեց, որ երկարամյա համագործակցությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ շարունակական է լինելու, ինչպես կրթության, այնպես էլ կլինիկական և գիտական ոլորտում:

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլախավոր բժիշկ Բագրատ Բավեյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին նվիրատվության համար՝ ընդգծելով, որ այս տարիներին բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել այն պացիենտների կողմից, որոնց կյանքի որակը էականորեն բարելավել է տրամադրված դեղերի շնորհիվ: Ի նշան երախտագիտության,  նա դիվանագետին փոխանցեց համալսարանում բուժում ստացող փոքրիկներից մեկի ձեռքի աշխատանքը:

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ուղեկցությամբ Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը ծանոթացավ  հիվանդանոցայի համալիրի հնարավորություններին, շրջեց բաժանմունքներում:

Նշենք, որ այս պահին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում է ստանում թալասեմիա ունեցող 31 հիվանդ, և այսօր տրամադրված դեղերի քանակը մոտ երկու տարի կբավարարի դրանց կարիքն ունեցողներին:



© NEWS.am Medicine