Ի՞նչ է տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ

12:04   18 մարտի, 2018

Քեմբրիջի համալսարանի ու Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները պարզել են, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում ուղեղում քնի ժամանակ։ Այս մասին հայտնել է MedicalXpress-ը։

Գիտնականները վերլուծել են այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում հիշողությունների հետ դանդաղ քնի փուլի ժամանակ։ Այդ նպատակով նրանք խթանել են մկների նեյրոնները։

Հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ քնի ժամանակ ակտուալ տեղեկություններ պարունակող նեյրոնների միջև կապերը ավելի են ամրանում, իսկ այն կապերը, որոնք պարունակում են ոչ այնքան կարևոր տվյալներ՝ թուլանում են ու անհետանում։

«Մարդու ապրումներով ու դրանց նշանակությամբ պայմանավորված՝ համապատասխան նեյրոնային կապերի չափը փոխվում է»,- ասել է աշխատության առաջատար հեղինակ Անա Գոնսալես Ռուեդան։

Ռուեդայի խոսքով՝ այդ մեխանիզմը կանխում է նյարդային համակարգի գերգրգռումը։ Բացի  դրանից, այդ ձևով ուղեղը հնարավորություն է ստանում երկար ժամանակ պահպանել կարևոր տեղեկությունները առանց տվյալների կորստի։

«Չնայած ուղեղն ունի հիշողության արտառոց ծավալ, նեյրոնների կապերի ու դրանց ակտիվության աջակցությունը շատ էներգիա է պահանջում։ Շատ ավելի արդյունավետ  է պահպանել միայն այն, ինչ անհրաժեշտ է»,- նշել է գիտնականը։



© NEWS.am Medicine