Երբ հաշված են րոպեները. «Էրեբունի» ԲԿ–ում փրկել են ավտովթարից տուժած երիտասարդի կյանքը

15:19   18 մարտի, 2018

Պացիենտը` Օ. Ի.-ն, ծնված 1992 թ.-ին, 2018 թ. փետրվարի 12-ին, ժամը 02:45 –ի սահմաններում Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ-ի Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունք պարզ գիտակցությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, գանգատվելով կրծքավանդակի շրջանի ցավերից: Նշում էր, որ տուժել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Պացիենտի մոտ նախնական ախտորոշվել է պոլիտրավմա:

Պացիենտն անհետաձգելի կարգով տեղափոխվեց Ռադիոլոգիայի բաժանմունք համակարգչային շերտագրության եւ բժիշկ-ռադիոլոգ Ա. Գեւորգյանի կողմից նկարագրվեց ներքին օրգանների վնասման եւ ներքին արյունահոսության պատկեր:

Վիրաբույժների թիմի կողմից պացիենտի մոտ ախտորոշվեց. Զուգակցված կրծքավանդակ-որովայնային վնասվածք: Աջից կողերի կոտրվածքներ: Աջակողմյան գագաթային պնեւմոթորաքս: Թոքի բազալ հատվածների վնասվածք: Կրծոսկրի մարմնի միջին երրորդականի կոտրվածք: Հեմոպերիկարդ: Սրտի տամպոնադա: Սրտի սալջարդ: Լյարդի պատռվածք: Ներքին արյունահոսություն: Հեմոպերիտոնեում, ինչը հնարավորություն տվեց մշակել պացիենտի վարման հետագա փուլային տակտիկան եւ փրկել նրա կյանքը:

Ժամը 03:10-ի սահմաններում պացիենտը տեղափոխվեց Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ինտուբացվեց: Ժամը 03:20-ի սահմաններում անհապաղ կերպով տեղափոխվեց վիրահատարան: Պացիենտի փուլային վիրաբուժական միջամտության անեսթեզիոլոգիական ապահովումը իրականացրեց Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ա. Չերքեզյանը:

Անցկացվեց ներվիրահատական խորհրդատվություն Ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Ա. Հովհաննիսյանի եւ Սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար բ.գ.թ. Վ. Գասպարյանի հետ:

Ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունքի կրծքային վիրաբույժ Ա. Մարտիրոսյանը եւ սրտային վիրաբուժության բաժանմունքի սրտային վիրաբույժ Ա. Սեւոյանը կատարեցին ստերնոտոմիա եւ պերիկարդիոտոմիա (պերիկարդի խոռոչը լցված էր ~ 1 լ թարմ արյունով եւ արյան մակարդուկով): Այն հեռացնելուց եւ հետագա ռեվիզիայից հետո հայտնաբերվեց արյունահոսության աղբյուրը` սրտի աջ ականջիկի պատռվածք անցումով աջ նախասիրտ, եւ կատարվեց պատռվածքի կարում: Վիրահատության առաջին փուլը ավարտվեց միջնորմի եւ աջ պլեւրալ խոռոչի դրենավորմամբ:

Ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի ավագ վիրաբույժ Տ. Առաքելյանի եւ նույն բաժանմունքի վիրաբույժ Ս. Սահարյանի կողմից իրականացվեց վիրահատության երկրորդ փուլը՝ լապարոտոմիա: Որովայնի խոռոչի ռեվիզիայի ժամանակ հայտնաբերվեց մոտ 250 մլ արյուն, կարվեցին լյարդի ստոծանային մակերեսի պատռվածքները: Կատարվեց աջ ստորստոծանիական եւ կողմնային տարածության, ինչպես նաեւ փոքր կոնքի խոռոչի դրենավորում աջից:

Այս տեսակի բարդ փուլային վիրահատությունների ժամանակ անեսթեզիոլոգիական ապահովումը շատ կարեւոր է, քանի որ հնարավորություն է տալիս վիրաբույժների թիմին ճշգրիտ եւ հանգիստ ցուցաբերել բարձորակ վիրաբուժական օգնություն:

Վիրահատությունից հետո պացիենտը տեղափոխվեց Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ անցկացրեց 3 օր, այնուհետեւ հետագա բուժման նպատակով տեղափոխվեց Ընդհանուր եւ կրծքային վիրաբուժության բաժանմունք:

2018թ. փետրվարի 24-ին պացիենտը դուրս գրվեց հիվանդանոցից բավարար վիճակում: Վերը նկարագրված դեպքում վնասվածքների զուգակցումը (հատկապես սրտի վնասվածքի) բժշկական պրակտիկայում հազվադեպ հանդիպող եւ բարդ երեւույթ է եւ շատ հաճախ անհամատեղելի են կենսական կարեւոր ցուցանիշների հետ: Էրեբունի ԲԿ-ի բժշկական տարբեր ոլորտի մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը եւ թիմային աշխատանքը, ժամանակին ցուցաբերած առաջին բուժօգնությունը, ճշգրիտ ախտորոշումը, ինտենսիվ թերապիան եւ փոխհամաձայնեցված բուժական տակտիկան փրկեցին եւս մի կյանք:

https://www.erebunimed.com/arm/news.more/294



© NEWS.am Medicine