Թեյի ծառի եւ նարդոսի եթերայուղերը հանգեցնում են տղաների կրծքի աճին. հետազոտություն

13:14   19 մարտի, 2018

Դեռահաս տղաների կրծքի անոմալ աճը կարող է կապակցված լինել նարդոսի ու թեյի ծառի եթերայուղերի գործածման հետ։ Ամերիկացի հետազոտողների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ եթերայուղերում պարունակվում է 8 քիմիական նյութ, որոնք ազդում են տղամարդկանց օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա։

Գինեկոմաստիան բավականին հազվագյուտ խանգարում է, որի դեպքում տղաների կուրծքը սկսում է աճել։ Այդ խանգարման պատճառները դեռ մինչեւ վերջ ուսումնասիրված չեն, սակայն չի կարելի բացառել եթերայուղերի դերը դրա զարգացման գործում, դրա համար էլ հետազոտության հեղինակ Ջորջ Թայլեր Ռամսին՝ National Institute of Environmental Health Sciences ինստիտուտից, խորհուրդ է տալիս զգույշ լինել այդ եթերայուղերի գործածման հարցում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ բազմաթիվ եթերայուղերում պարունակվող նյութերը հանգեցնում են «կանացի հորմոն» էստրոգենների քանակի ավելացմանը ու միաժամանակ խոչընդոտում են «տղամարդկանց հորմոն» տեստոստերոնի սինթեզին։ Հնարավոր է, որ հենց այդ մեխանիզմն է հանգեցնում տղաների կրծքի աճին։

Եթերայուղերը, որ ստանում են բույսերի զտման ճանապարհով, պարունակվում են օճառի, լոսյոնների, շամպունների եւ կոսմիտիկական այլ արտադրանքի մեջ, որոնք բնական այլընտրանք են արդյունաբերական արտադրանքներին:

«Մեր հասարակությունը կարծում է, թե եթերայուղերն անվտանգ են։ Սակայն դրանք պարունակում են քիմիական նյութեր, որոնք կարող են ազդել հորմոնալ համակարգի վրա, դրա համար էլ դրանք պետք է զգուշությամբ գործածել»,- ասել է բժիշկ Ռամսին։

Նոր հետազոտության շրջանակում գիտնականները լաբորատոր պայմաններում ուսումնասիրել են նարդոսի ու թեյի ծառի եթերայուղերում պարունակվող 8 նյութերի ազդեցությունը քաղցկեղային բջիջների վրա։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այդ նյութերը նպաստում են էստրոգենի քանակի աճին ու արգելակում են տեստոստերոնի սինթեզը։ Ավելին՝ այդ նյութերը ոչ միայն նարդոսի ու թեյի ծառի, այլեւ 65 այլ տեսակի եթերայուղերում են պարունակվում։

Այս հետազոտության արդյունքները կներկայացնեն այսօր, մարտի 19-ին, Չիկագոյում ընթացող Էնդոկրինային միության ամենամյա հանդիպման ժամանակ։



© NEWS.am Medicine