Մրգահյութերի օգտագործումը մեծացնում է սրտային հիվանդությունների հետեւանքով  մահվան հավանականությունը

11:48   23 մարտի, 2018

Շաքար պարունակող ըմպելիքները, այդ թվում՝ մրգահյութը, մեծացնում են սրտային եւ այլ հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը: Այսպիսի եզրակացություն են կատարել Էմորի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները, որոնք հետազոտել են ավելի քան 17,9 հազար մարդու տվյալները, որոնց հետեւել են 6 տարի:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Սրտային հիվանդությունների ամերիկյան ասոցիացիայի (American Heart Association) համաժողովում, հայտնում է Medicalexpress-ը: Հիմք են ընդունվել մեկ այլ հետազոտության տվյալները, որ կոչվում էր «Սրտի տագնապ տարած մարդկանց աշխարհագրական եւ ռասայական տարբերությունների պատճառները»:

Պարզվել է՝ նրանց շրջանում, ովքեր օրական խմել են 24 ունցիայից ավելի (680 գրամ) քաղցր ըմպելիք, սրտային եւ այլ հիվանդություններից մահվան հավանականությունը 2 անգամ բարձր է եղել, քան նրանց շրջանում, ովքեր մեկ ունցիայից պակաս են խմել:

Հետազոտության ղեկավար բժիշկ Ջին Ուելշի խոսքով՝ ստացած արդյունքները եւս մեկ անգամ հաստատում են, թե որքան կարեւոր է շաքարը չչարաշահելը:

«Մենք կարծում ենք, որ այս հետազոտությունը զգալիորեն ամրապնդում է մեր սննդակարգում քաղցր ըմպելիքների քանակության նվազեցման կարեւորության վերաբերյալ արդեն գոյությոուն ունեցող տվյալները»,- նշել է նա:

Գիտնականների եզրահանգումները վերաբերում են միայն ըմպելիքներին. չի հաջողվել որեւէ կապ հայտնաբերել շաքարի մեծ պարունակությամբ սնունդի եւ սրտային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության միջեւ:

Ամենայն հավանականությամբ, սա պայմանավորված է քաղցր ըմպելիքներում որեւէ սննդարար նյութերի բացակայությամբ: Դրանց օգտագործումը բերում է «շաքարի հոսքի», որը օրգանիզմը ստիպված է յուրացնել: Իսկ սնունդի մեջ շաքարից բացի, պարունակվում են ճարպեր եւ սպիտակուցներ, որոնք մետաբոլիզմը դանդաղեցնում են:

Գիտնականներն ընդգծում են, որ իրենց հետազոտությամբ պարզապես երեւույթների միջեւ կապ են հայտնաբերել՝ չպարզելով, թե որն է պատճառը, որը՝ հետեւանքը:



© NEWS.am Medicine