Վիրահատությունը կարող է օգնել ընդմիշտ ազատվել միգրենից. Մեսրոպ Շատախյան

20:47   26 մարտի, 2018

37-ամյա Եվա Մկրտչյանն ավելի քան 20 տարի տառապում էր միգրենից. ամսվա ընթացքում 25 օր նրան տանջում էին սաստիկ գլխացավերը, սուր բռնկումները չէին դադարում 3 օր շարունակ: Դրանց ընթացքում Եվան չէր կարողանում աշխատել, չէր ցանկանում շփվել որեւէ մեկի հետ, անգամ՝ սեփական երեխաների: Հաճախ գլխացավերն ուղեկցվում էին սրտխառնոցով եւ փսխումով, երբեմն բարձրանում էր ջերմությունը, իսկ տեսողությունը վատթարանում էր:

Լրագրողների հետ զրույցում Եվան պատմել է, որ բազմաթիվ բուժհաստատություններում էր հետազոտվել, սակայն խնդրի լուծում որեւէ մեկը չէր առաջարկել: Մի օր նա լսել էր, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում միգրենի բուժման համար վիրահատություններ են սկսել իրականացնել, եւ որոշել էր դիմել պարանոցային անոթների եւ միգրենի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մեսրոպ Շատախյանին:

Հետազոտելով կնոջը՝  մասնագետն առաջարկեց նրան մինիմալ ինվազիվ վիրահատություն իրականացնել, որը, ըստ Եվայի, ամբողջությամբ փոխեց իր կյանքը: Նա արդեն 3 ամիս  է միգրեն չունի: Միայն երբեմն՝ ամսվա ընթացքում 2-3 անգամ, նա թեթեւ գլխացավեր է ունենում, որոնք անցնում են սովորական ցավազրկող խմելուց հետո, եւ դրանք, ի տարբերություն նախկին նոպաների, չեն ազդում իր կյանքի որակի վրա:

Ինչպես պատմեց բժիշկ Շատախյանը, Հայաստանում միգրենի բուժման համար վիրահատություններ վերջերս են սկսել իրականացնել՝ ընդամենը մի քանի ամիս առաջ, թեպետ աշխարհում նման վիրահատություններ արդեն 20 տարի է արվում են: Միգրենները, ինչպես նշեց մասնագետը, շատ տարածված խնդիր են. դրանցով տառապում է բնակչության մոտ 15-16 տոկոսը, եւ դրանց մոտ 2 տոկոսի դեպքում վիրաբուժական միջամտություն է անհրաժեշտ:

Արդյունավետ վիրահատության բանալին ճիշտ ախտորոշումն է. նախ հարկավոր է պարզել, թե կոնկրետ ինչն է ճնշում գործադրում նյարդի վրա՝ անոթները, կապանային հյուսվածքները, թե այլ բան, այնուհետեւ՝ վիրաբուժական ճանապարհով ազատել նյարդը ճնշումից: Նման վիրահատությունը կարող է 1.5 ժամից մինչեւ 5-6 ժամ տեւել՝ կախված բարդության աստիճանից:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում Հայաստանում մոտ 30 հիվանդ է նման վիրահատություն տարել: 16-ամյա Անահիտ Դավթյանը նրանցից մեկն է:

14 տարեկանից Անահիտին տանջում էին սաստիկ գլխացավերն ու գլխապտույտը: Շատ հաճախ նա կորցնում էր գիտակցությունը եւ այս ամենի պատճառով ստիպված էր ժամանակավորապես թողնել պարը, ինչով զբաղվել է 3 տարեկանից. ցավի բռնկումների ժամանակ նա կորցնում էր հավասարակշռությունը եւ չէր կարողանում պարել:

Վիրահատությունից հետո Անահիտը կրկին պարում է: Աղջկա խոսքով՝ ցավերն այլեւս չեն անհանգստացնում, եւ նա կարող է նորմալ, ակտիվ կյանք վարել:

53-ամյա Դավիթ Խանյանը վիրահատվել էր դեկտեմբերի 15-ին: Գլխացավերը ուղեկցում էին նրան մանկությունից, սակայն մոտ տասը տարի առաջ դրանք պարզապես անտանելի էին դարձել: Մի օր համացանցում միգրենի բուժման ճանապարհներ փնտրելիս նա կարդացել էր բժիշկ Շատախյանի մասին եւ դիմել նրան: Դավիթ Խանյանի խոսքով՝ նրա գլխացավերը վիրահատությունից հետո անցան ոչ թե անմիջապես, այլ աստիճանաբար, եւ այսօր դրանք մոտ 98-99 տոկոսով ավելի քիչ են, քան նախկինում:



© NEWS.am Medicine