Կաշխատենք իսրայելական սկզբունքներով եւ ուղեցույցներով. «Աստղիկ» ԲԿ-ում ԱՄԲ բաժանմունք է բացվել (ֆոտո)

22:14   26 մարտի, 2018

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) կարող է մեծ թվով զույգերի օգնել, որոնք անպտղությամբ են տառապում եւ երազում են երեխաներ ունենալ, սակայն չարժի հետաձգել բժշկին դիմելը. զույգը որքան երիտասարդ է, այնքան հաջողության հավանականությունը մեծ է: Հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Իսրայելի Շեբա կլինիկայի ԱՄԲ բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն: Պրոֆեսորը Հայաստան է եկել օգնելու արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի կայացմանը, որը բացվել է «Աստղիկ» ԲԿ-ում եւ կաշխատի իսրայելական սկզբունքներով ու ուղեցույցներով:

Ինչպես նշեց պրոֆեսորը, Իսրայելում կիրառվում են ձվազատման խթանման նորագույն ուղեցույցներ, որոնց շնորհիվ հաջողվում է խուսափել այնպիսի խնդիրներից, ինչպիսին է ձվարանների գերխթանման համախտանիշը: Պրոֆեսորը ծրագրել է նույնպիսի ուղեցույցներ օգտագործել նաեւ Հայաստանում:

ԱՄԲ դեպքում բարդություն է համարվում նաեւ բազմապտուղ հղիությունը, որը բավականին հաճախ ավարտվում է վաղաժամ ծննդաբերությամբ, եւ երեխաներն անհաս են ծնվում: Սրանից խուսափելու համար, կլինիկայում, որտեղ աշխատում է պրոֆեսորը, կնոջ արգանդում տեղադրում են միայն մեկ սաղմ, առավելագույնը՝ 2, սակայն ոչ ավելի: Նախատեսվում է այսպես վարվել նաեւ Հայաստանում:

«Հեռավոր անցյալում մենք տեղադրում էինք ոչ միայն 3, այլ նույնիսկ 4 սաղմ: Բայց ահա արդեն 15 տարի 2 սաղմից ավելի չենք տեղադրում, եւ արդյունքում մեզ մոտ ԱՄԲ միջոցով ծնված երեխաների միայն 10 տոկոսն է երկվորյակ, իսկ եռյակներ ընդհանրապես չկան,- նշեց պրոֆեսորը: - Մենք ցանկանում ենք, որ կինը ծնի մեկ հասուն երեխա, այլ ոչ թե երեք՝ հղիության 26-րդ շաբաթում»:

Պրոֆեսորի խոսքով՝ ԱՄԲ հաջողության հավանականությունը կախված է մի ամբողջ շարք գործոններից՝ շատ կարեւոր է կնոջ տարիքը եւ այսպես կոչված՝ անպտղության գործոնը: Եթե կինը 35 տարեկանից փոքր է, եթե զույգի անպտղության պատճառը տղամարդու սերմնաբջիջների ցածր որակն է, ապա ԱՄԲ յուրաքանչյուր ցիկլում հղիանալու հավանականությունը գրեթե 50 տոկոս է: Իսկ եթե կինը 44 տարեկանից մեծ է, եթե զույգը անպտղությունից երկար է տառապել, հաջողության հավանականությունը ընդամենը 1-2 տոկոս է:

«Աստղիկ» ԲԿ ԱՄԲ բաժանմունքի ղեկավար Լիանա Բադիկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ արդեն բաժանմունք է դիմել ավելի քան 90 զույգ, որոնք ցանկանում են ԱՄԲ կատարել: Ամենաերիտասարդ կինը 21 տարեկան է, ամենամեծը՝ 47: Մոտ ապագայում այս զույգերից մոտ 15-20-ին կսկսեն ԱՄԲ կատարել: Ըստ որում՝ խթանման համար ուղեցույցները կընտրեն Իսրայելից մասնագետները, իսկ հայ բժիշկները կվարեն հիվանդներին: Պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն նաեւ խոստացել է անձամբ ներկա լինել ձվաբջիջների ընտրության գործողությանը եւ սաղմերի տեղադրմանը:

Լիանա Բադիկյանը նաեւ նշեց, որ «Աստղիկ» ԲԿ-ում ԱՄԲ գները կլինեն այնպիսին, ինչպիսին երկրի մյուս բժշկական կենտրոններում: Սակայն հաճախակի կանցկացվեն զեղչերի ակցիաներ: Արդեն այսօր ակցիա է անցկացվում, որի շրջանակում «Ալեքսանյաններ հիմնադրամը» Մալաթիա-Սեբաստիա համայնքի 50 անապահով զույգերի համար կֆինանսավորի ԱՄԲ գործողությունը (սակայն ոչ խթանման համար օգտագործվող դեղերը):



© NEWS.am Medicine