16:50 29 մարտի, 2018Ծխելը մարդուն տուբերկուլյոզի նկատմամբ ավելի խոցելի է դարձնում. հավանականությունը, որ վարակվելուց հետո ծխողի մոտ տուբերկուլյոզը կզարգանա, ավելի մեծ է, քան չծխողի դեպքում: Ավելին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ տուբերկուլյոզով տառապող ծխող հիվանդները, որպես կանոն, ավելի վարակիչ են, քան չծխողները: Ըստ որում՝ այս հիվանդությամբ տառապող հիվանդների մեծամասնությունը ծխողներ են: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ե՛ւ ծխելը, ե՛ւ տուբերկուլյոզը ախտահարում ու թուլացնում են մարդու թոքերը, վնասակար սովորության եւ հիվանդության համակցումը կարող է մահացու լինել:
«Մեծ թվով հիվանդներ կան, որոնց մեր բժիշկները բուժում են տուբերկուլյոզի դեմ. 2 տարվա բուժումից հետո նրանք հիվանդությունը հաղթահարում են, սակայն արդյունքում մահանում են թոքերի քաղցկեղից»,- նշեց Շուշան Ալեքսանյանը:
Նա հիշեցրեց, որ 10-ից 8-9 դեպքում թոքերի քաղցկեղի պատճառը ծխելն է: Այս սովորությունը նաեւ բերում է քրոնիկական բրոնխիտի, սիրտ-անոթային հիվանդությունների, իմպոտենցիայի եւ մի ամբողջ շարք այլ հիվանդությունների զարգացման:
Նրա խոսքով՝ Հայաստանում ծխելու վիճակագրությունը իսկապես սարսափազդու է: Պաշտոնական վիճակագության համաձայն՝ Հայաստանում ծխում է տղամարդկանց կեսը, սակայն «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ ծխողներն իրականում ավելի մեծաթիվ են՝ տղամարդկանց 65 տոկոսը: Ինչ վերաբերում է ծխող կանանց, ապա կազմակերպության տվյալներով՝ Երեւանում մոտ 10 տոկոսը, իսկ մարզերում՝ ավելի քիչ:
Խոսելով այսօր քննարկվող օրինագծի մասին, որով նախատեսվում է հասարակական վայրերում ծխելու արգելք սահմանել, Շուշան Ալեքսանյանը նշեց, որ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը կողմ է նման սահմանափակումների ներդրմանը:
«Մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ նման օրենքներն արդյունավետ են, եւ մենք հույս ունենք, որ մեր երկրում այս օրենքը կբերի ծխողների թվի կրճատման եւ մարդկանց ավել առողջ կդարձնի»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը, որի համաձայն առաջարկվում է սահմանել հետեւյալ տուգանքները.