Մսից հրաժարումը կանանց մոտ նվազեցնում է ուղիղ աղիքի դիստալային հատվածի քաղցկեղի առաջացման վտանգը

11:53   3 ապրիլի, 2018

Կարմիր մսի սահմանափակ օգտագործումը կապված է կանանց ուղիղ աղիքի դիստալային հատվածում չարորակ նորագոյացության առաջացման նվազեցված հավանականության հետ:

Ինչպես նշված է International Journal of Cancer-ում հրապարակված հոդվածում, Լիդսի համալսարանից Ջենեթ Քեյդի ղեկավարությամբ գիտնականներն իրականացրել են սննդակարգի տեսակի եւ հաստ ու ուղիղի աղիքի քաղցկեղի առաջացման հավանականության միջեւ համահարաբերակցության հայտնաբերման ծավալուն հետազոտություն: Հետազոտությանը մասնակցել է 32147 բրիտանուհի. նրանք տեղեկություններ են ներկայացրել իրենց տարիքի, ֆիզիկական վիճակի (մարմնի զանգվածի ինդեքս), ակտիվության եւ առողջության, ծխելու, ալկոհոլի օգտագործման եւ կոլորեկտալ քաղցկեղի ընտանեկան պատմության մասին: Մասնակիցների սննդային սովորությունների տվյալների հիման վրա հետազոտության մասնակիցներին բաժանել են 4 խմբի՝ բուսակերների եւ կարմիր միս, թռչնամիս ու ձուկ օգտագործողների (խմբերն առանձնացվել են այն հիմքով, թե մասնակիցներն ինչ մթերք են ավելի հաճախ օգտագործում):

Գիտնականները հետագա 17 տարիներին փաստաթղթավորել են կոլորեկտալ քաղցկեղի առաջացման 462 դեպք. 335-ը՝ հաստ աղիքում եւ 152-ը՝ ուղիղ: Կարմիր մսի մեծ պարունակությամբ սննդակարգի խմբում ընդգրկված կանանց համեմատելով մնացյալի հետ՝ գիտնականները համահարաբերակցություն են հայտնաբերել մսի շատ օգտագործման եւ ինչպես ուղիղ, այնպես էլ հաստ աղիքում քաղցկեղի առաջացման մեծ հավանականության միջեւ: Գիտնականները հայտնաբերել են նաեւ, որ ուղիղ աղիքի դիստալային հատվածում քաղցկեղի առաջացման հավանականությունը 35 տոկոսով ցածր է եղել այն կանանց մոտ, որոնք նախապատվությունը տվել են թռչնամսին, ձկանը եւ լիակատար կամ մասնակի հրաժարվել են կենդանական ծագմամբ մթերքներից:

Չնայած գիտնականներին հաջողվել է հայտնաբերել սննդակարգի տեսակի եւ կոլորեկտալ քաղցկեղի որոշակի տեսակի առաջացման վտանգի միջեւ համահարաբերակցությունը, նրանք նշում են հետագա հետազոտությունների անհրաժեշտության մասին: Դիտարկումների 17 տարում ուղիղ աղիքի դիստալայաին հատվածում չարորակ նորագոյացությունը հայտնաբերել են միայն 117 կնոջ մոտ. հենց այս պատճառով ստացած եզրակացություններն անհրաժեշտ է ամրապնդել մասնակիցների ավելի մեծ ընտրությամբ:



© NEWS.am Medicine