Վերապրելու շանս չունեցող վիրավոր զինվորն այսօր քայլել է սովորում եւ ցանկանում ստոմատոլոգ դառնալ (տեսանյութ)

19:01   3 ապրիլի, 2018

Ուղիղ 2 տարի առաջ, երբ Ավետիս Զարգարյանը ծանր վիրավորմամբ հայտնվեց զինվորական հոսպիտալում, ոչ ոք չէր հավատում, որ նա կկարողանա վերապրել. նա երկար ժամանակ ուշքի չէր գալիս, իսկ նրա վերքերը շատ ծանր էին: Այսօր Ավետիսը հաճախում է Հայրենիքի Պաշտպան վերականգնողական նոր կենտրոն եւ ցանկանում է վերակագնվելուց հետո ստոմատոլոգ դառնալ:

Ավետիսը Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվել է Թալիշում. հակառակորդի գնդակը ծակել է նրա ծնոտը, վնասել ողնաշարը: Իսկ ոչ հեռվում պայթած արկի բեկորը ընկել է նրա ձախ ձեռքի ժամացույցի վրա, ճեղքել այն եւ ձեռքն, այնուամենայնիվ, վնասել:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսը պատմեց, որ լավ է հիշում այն օրը, երբ վիրավորվեց: Հինգ համածառայակիցների հետ նա ուղեւորվել էր հարեւան դիտակետ, որպեսզի դուրս բերեն այնտեղ զոհված տղաների մարմինները: Հենց այդ ժամանակ նրանց վրա հարձակվել են թվական գերազանցություն ունեցող հակառակորդի ուժերը, եւ մարտ է ծավալվել: Երբ Ավետիսին վիրավորել են, նա գիտակցությունը կորցրել է՝ վերջին բանը, որ հիշում է այն է, թե ինչպես է ընկերը օգնության վազել:

Ավետիսն արդեն հոսպիտալում է աչքերը բացել եւ հասկացել, որ չի կարողանում շարժվել եւ մարմինը չի զգում: Նրա խոսքով՝ առաջին 10-15 օրերին մտածում էր, թե թեթեւ վիրավորում է ստացել, եւ ամեն ինչ շուտով կանցնի, սակայն ժամանակի ընթացքում սկսեց գիտակցել իր վիճակի ամբողջ ծանրությունը: Դա նրա համար հարված էր, սակայն հարազատների եւ մյուսների, բացարձակապես անծանոթ մարդկանց օգնությունն ու աջակցությունը իրեն օգնեցին համակերպվել իր վիճակին եւ առողջանալուն տրամադրվել:

Ավետիսի խոսքով՝ վերջին ամիսներին իրեն շատ է օգնել Հայրենիքի Պաշտպան վերականգնողական կենտրոնի կինեզիթերապեւտ Անուշիկը: Նրա խոսքով՝ այս աղջիկը ոչ միայն իրեն օգնել է վերականգնել ֆիզիկական առողջությունը, այլեւ զրուցել է իր հետ, լսել իրեն եւ ամեն կերպ աջակցել:

Ավետիսը երկար ժամանակ ամբողջությամբ անշարժ էր եւ պարանոցից ներքեւ մարմինը չէր զգում: Նա արդեն 2 ամիս վերականգնողական կենտրոնում ֆիզիոթերապեւտիկ բուժում է ստանում՝ շաբաթական 6 օր, առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 16-17-ը: Այսօր նա կարողանում է շարժել ձեռքերն ու ոտքերը, փորձում է կանգնել եւ հույս ունի շուտով քայլել սովորել: Թե՛ ձեռքերի, թե՛ ոտքերի մաշկի զգայունությունը լիովին վերականգնվել է, սակայն Ավետիսը դեռեւս չի կարողանում ձեռքերի մատները շարժել:

Ավետիսի խոսքով՝ իր համար հիմա ամենակարեւորը քայլել սկսելն է: Իսկ հետագա ծրագրերը կախված են այն բանից, թե իրեն որքանով կհաջողվի վերականգնվել՝ եթե կարողանա նորմալ շարժվել, ապա կցանկանար ստոմատոլոգ դառնալ. բժշկի մասնագիտության մասին նա երազում է մանկության տարիներից ի վեր:

Ավետիսը հիմա, ֆիզիոթերապիայից բացի, անգլերեն է սովորում: Նրան լեզուն սովորեցնում է անսովոր անունով մի աղջիկ՝ Էսմարիդա Պողոսյանը, որը կարդալով, թե տարբեր մարդիկ ինչ օգնություն են ցուցաբերում վիրավոր զինվորներին, մտածել է, թե ինքն ինչ կարող է նրանց համար անել՝ բժիշկ չլինելով: Աղջիկը կապ է հաստատել կինեզիստ Դավիթ Պալյանի հետ եւ նրան ասել, որ անգլերեն ու գերմաներեն գիտի եւ կարող է վերականգնում անցնող տղաներին անվճար սովորեցնել:

Անգլերեն սովորել ցանկացողներից առաջինն Ավետիսն էր. նա Էսմարիդայի հետ պարապում է արդեն 8 ամիս, ճիշտ է՝ ընդհատումներով, քանի որ այս 8 ամիսներին Ավետիսը մի քանի վիրահատության է ենթարկվել:

«Ավետը շատ արագ է ընկալում նոր տեղեկատվությունը, նա շատ ընդունակ աշակերտ է»,- NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց աղջիկը:

Նրա խոսքով՝ այս պարապմունքներն ավելին են տալիս, քան ինքը կարող է բառերով նկարագրել:

«Ավետի հետ աշխատելը հեշտ է եւ հաճելի, քանի որ ես կարող եմ իմ գիտելիքներն ինչ-որ մեկին փոխանցել, ում դրանք հետո պետք կգան, եւ սա ինձ ոգեւորում է»,- խոստովանում է աղջիկը:

Ապագայում, եթե անգլերենը կամ գերմաներենը մակերեսորեն կամ լեզուները զրոյից սովորել ցանկացողներն ավելի շատ լինեն, Էսմարիդան մտածում է խմբային պարապմունքներ կազմակերպել:



© NEWS.am Medicine