Փոշու եւ կեղտի մեջ պառկած՝ ես իմ առջեւ տեսնում էի աղջկաս կապույտ աչքերը. ապրիլյան պատերազմի մասնակից

22:33   5 ապրիլի, 2018

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորվելուց հետո պայմանագրային զինծառայող Վիլի Ղազարյանը միայն մի բանի մասին էր մտածում՝ հնարավորինս արագ առողջանալ եւ ծառայության վերադառնալ: Առողջանալու եւ ոտքի կանգնելու համար այդ ժամանակ 2 ամիս պահանջվեց: Սակայն մեկ տարի ծառայելուց հետո 26-ամյա Վիլին դարձյալ վիրավորվեց եւ հիմա վերստին Երեւանում վերականգնում է անցնում:

«Ամբողջ կյանքս անցավ աչքերիս առջեւով»

2016 թվականի ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի մասշտաբային հարձակման ժամանակ Վիլիի խմբից ոչ հեռու արկ պայթեց, եւ Վիլին բազմաթիվ բեկորային վիրավորումներ ստացավ: Նրա խոսքով՝ այդ պահին ամբողջ կյանքն անցավ աչքերի առջեւով՝ նա հիշեց կնոջը, փոքրիկ դստերը, որոնց, հնարավոր է, այլեւս չի կարողանա տեսնել: Բուն գործողության ժամանակ Վիլին ջանում էր ընտանիքի մասին չմտածել՝ քանի որ, նրա խոսքով, այդպես ավելի հեշտ էր, եթե ամբողջ ժամանակ մտածեր այն մասին, որ իրեն տանը սպասում են, ինքն ավելի թույլ ու խոցելի կլիներ: Իսկ այստեղ՝ փոշու եւ կեղտի մեջ պառկած, պայթյունից հետո խլացած, անմիջապես հիշեց դստեր մեծ կապույտ աչքերը:

Վիրավորվելուց հետո Վիլին գիտակցությունը չի կորցրել: Սկզբում նրան թվացել է, որ իր ոտքն է կտրվել՝ աջ ոտքը բացարձակապես չէր զգում: Տակավին պատանի մի զինվոր, ում անունը Վիլին չի մտապահել, վազել է նրա մոտ, քթին է մոտեցրել անուշադրի սպիրտը, արագ վիրակապել է արնահոսող վերքերը: Հիմա հիշելով այդ պահը՝ Վիլին զարմանում է, թե այդ տղան որքան արագ կողմնորոշվեց եւ իրեն որքան գրագետ օգնություն ցուցաբերեց: Չէ՞ որ եթե ինքն այդ ժամանակ գիտակցությունը կորցներ եւ օգնություն չստանար, անհայտ է, թե ամեն ինչ ինչպես կշրջվեր:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում Վիլիի մարմնից արդեն 2 բեկոր դուրս էին բերել, մնացյալին մասնագետները որոշել են ձեռք չտալ: Ամենամեծ բեկորը՝ մոտ 2,5 սմ, դեռեւս գտնվում է Վիլիի ազդրի մեջ, եւս մեկը՝ ավելի փոքր, ողնաշարի ճիշտ կողքին: Վիլիի խոսքով՝ անձրեւոտ եղանակին այն տեղերը, որտեղ բեկորներ են մնացել, տհաճ նվում են, սակայն ինքն աշխատում է դրա վրա ուշադրություն չդարձնել:

«Նա բարձրացրել է մեքենան՝ ինձ փնտրելով դրա տակ»

Վիրավորվելուց հետո Վիլին 2 ամիս վերականգնվել է, որից հետո վերադարձել է զինվորական ծառայություն: 2017 թվականի ապրիլին, սակայն, նա վթարի է ենթարկվել՝ ստանալով ողնաշարի ծանր վնասվածք: Մեքենան, որի մեջ էր համածառայակցի հետ, շրջվել է, եւ Վիլին դուրս է ընկել դիմապակու միջով: Մեջքի վրա անհաջող ընկնելով՝ նա վնասել է ողնաշարը եւ ողնուղեղը:

Համածառայակցին, որը հրաշքով անգամ քերծվածք չէր ստացել, սկզբում թվացել է, որ Վիլին մնացել է մեքենայի տակ: Նա ցածրահասակ տղա էր, խոշոր չէր, սակայն այդ պահին կարողացել է ինչ-որ կերպ բարձրացնել շրջված մեքենան՝ Վիլիին մեքենայի տակ փնտրելով:

Վթարից ստացած վնասվածքների հետեւանքով Վիլիի մարմնի ստորին հատվածն անշարժացել է: Հիմա նա վերականգնողական բուժում է ստանում «Հայրենիքի պաշտպան» կենտրոնում եւ հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա հաշմասայլակից հրաժարվել:

«Երբ քառօրյա պատերազմի ժամանակ վիրավորվեցի, ամբողջ ժամանակ կրկնում էի՝ թող Աստված ինձ այնքան ուժ տա, որ կարողանամ արագ ոտքի կանգնել եւ ծառայության վերադառնալ: Հիմա նույնն եմ ասում՝ ցանկանում եմ արագ առողջանալ, ծառայության վերադառնալ: Սա իմ կոչումն է»,- խոստովանում է Վիլին:

Հանդիպում հին ընկերոջ հետ

Հայկ Սեխլիյանի հետ Վիլին ծանոթացել է ծառայության ժամանակ: Վիլիի խոսքով՝ նրանք ընկերացել են, դարձել եղբոր նման: Հետո ծառայությունը նրանց շատ ամիսներով բաժանեց՝ ծառայում էին տարբեր զորամասերում:

2016 թվականի ապրիլի 3-ին Հայկը եւ Վիլին անսպասելի հանդիպեցին արդեն մարտի դաշտում: Հիմա Վիլին ժպիտով է հիշում, թե ինչպես էին հակառակորդի գնդակներից թաքնվելով՝ փորձում զրուցել՝ յուրաքանչյուրը ցանկանում էր իմանալ, թե ինչպես են մյուսի գործերը: Մինչ նրանք զրուցում էին, նրանց դեմքի առջեւով բազմաթիվ բեկորներ են թռչել:

Հաջորդ օրը Վիլին վիրավորվել է, իսկ մի քանի ժամ անց վիրավորվել է նաեւ Հայկը:

«Ես նրա հետ ծառայել եմ »

Վիլիի կինը՝ 24-ամյա Անուշիկը, իր երեխաներին՝ Մարիային եւ Մոնթեին հաճախ է պատմում այն օրերի մասին: Ապրիլյան պատերազմի ժամանակ Մարիան մեկ տարեկանից քիչ մեծ էր, իսկ Մոնթեն ծնվել է արդեն պատերազմից հետո:

Այն օրերին Անուշիկը գյուղերից մեկում էր, որի վրա հարձակվեցին թշնամական ուժերը: Երբ տագնապ հնչեց, Անուշիկը վերցրեց դստերն ու Վիլիի տատիկին եւ փախավ: Նրա խոսքով՝ ինքը վարժվել էր կրակոցների եւ պայթյունների ձայնին, ուստի այդ օրն ամենեւին չվախեցավ, պարզապես հասկացավ, որ պետք է երեխային եւ տատիկին անվտանգ տեղ տանել:

Անուշիկի խոսքով՝ Վիլին արդեն զինվորական էր, երբ ամուսնացան, այդ պատճառով նա լավ էր հասկանում, թե իրեն առջեւում ինչպիսի կյանք է սպասում:

«Ես միշտ այնպիսի զգացողություն ունեի, որ նրա հետ միասին եմ ծառայել: Նա մշտապես դիրքերում էր, հայրենիքն էր պաշտպանում, իսկ ես տանն էի եւ մեր տունն էի պաշտպանում: Երբ գիտես, որ ամուսինդ դիրքերում է, դու պետք է ուժեղ լինես, ոգու ամրությունը չկորցնես»,- պատմում է Անուշիկը՝ տան բակի նստարանին նստած: Նրա ծնկներին նստած փոքրիկ Մոնթեն լուռ է, ուշադիր լսում է:

«Ուրիշ կարիերա չեմ պատկերացնում»

Վիլին ասում է, թե այն ամենից հետո, ինչ ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ տեսել է, ավելի սաստիկ է ցանկանում ծառայության վերադառնալ: Բացի զինվորականից, նա այլ կարիերա չի պատվկերացնում, այս պատճառով հիմա ամբողջ ուժով ձգտում է առողջանալ, ոտքի կանգնել:

Վիլիի խոսքով՝ բանակում մեծ թվով տղաներ կան, որոնք ծառայության մեջ աչքի են ընկել, կատարել են առաջին հայացքից անհնարին հանձնարարություններ կամ ընկերոջը փրկել են հավաստի մահից, սակայն նրանց մասին ոչ ոք տեղյակ չէ:

«Այս տղաները գիշեր ու ցերեկ իրականացնում են իրենց ծառայությունը, հաճախ իսկապես հերոսական արարքներ են կատարում, սակայն նրանց մասին ոչ ոք չգիտի, հնարավոր է՝ երբեք էլ չի իմանա»,- ասում է Վիլին:



© NEWS.am Medicine