21-ամյա աղջիկը մահացել է հազվագյուտ հիվանդությունից, որի գոյությանը բժիշկները չէին հավատում

23:35   6 ապրիլի, 2018

21-ամյա Մերին Քրոֆթսը մահացել է հազվագյուտ հիվանդությունից, որի գոյությանը շատերը, նույնիսկ որոշ բժիշկներ հրաժարվում էին հավատալ: Աղջիկը մահացել է իր ծննդյան օրից 10 օր հետո, եւ այդ ժամանակ կշռում էր 38 կգ-ից պակաս:

Մերինը վերջին 3 տարիներին գամված էր մահճակալին եւ տառապում էր մշտական հոգնածությունից ու սարսափելի ցավերից, ներառյալ ստամոքսի կծկումներից եւ ջղաձգումներից: Մերինը տառապում էր միալգիկ էնցեֆալոմիելիտով՝ նյարդաբանական հիվանդություն, որին հատուկ են ուժասպառությունը, շարժումների կողմնորոշման խանգարումը, գլխապտույտը, դեպրեսիան եւ ընդհանուր տկարությունը: Որոշ տեղեկություններով՝ այս հիվանդությամբ աշխարհում հիվանդ է 17 մլն մարդ, չնայած դրան՝ բժշկության ոլորտի որոշ փորձագետներ մինչեւ հիմա այն մտացածին են համարում:

Ինչպես պատմել է աղջկա մայրը՝ Քլերը, հիվանդության առաջին ախտանշանները Մերինի մոտ հայտնվել են դեռեւս 15 տարեկանում. աղջկա դեմքը, ձեռքերը, ոտքերը այտուցվել են, եւ բժիշկները նրան հակաբիոտիկ են նշանակել, սակայն ախտանշանները միայն վատթարացել են: Երբ դպրոց հաճախող աղջիկը սկսել է ուժեղ հոգնածություն զգալ, նրան հոգեբույժի մոտ են ուղարկել:

Մոր խոսքով՝ մանկության տարիներին Մերինը շատ առույգ երեխա էր, սակայն դեռահաս տարիքում ինչ-որ բան փոխվել է. դպրոցից տուն վերադառնալով՝ նա ընկնում էր բազմոցին եւ կարող էր մինչեւ երեկո քնել:

«Նա նման էր խաղալիքի, որի լիցքավորումը սպառվել է»,- ասել է Քլերը:

Արդյունքում՝ աղջկա մայրը ստիպված էր ինքը պարզել, թե ինչ է կատարվում դստեր առողջության հետ: Տեղեկանալով հոգնածության համախտանիշի մասին՝ նա անմիջապես իր կասկածների մասին հայտնել է բժիշկներին, սակայն նրանք պատասխանել են, որ այդ հիվանդությանը չեն հավատում: Միայն մասնավոր կլինիկայում են Մերինին ճիշտ ախտորոշում կատարել՝ համաձայնվելով մոր հետ:

Հաշմասայլակին գամված Մերինը տառապում էր ստամոքսի կծկումներից, հոդերի ցավերից, ջղաձգումից, բացի այդ՝ նրա մոտ բարձր զգայունություն էր առաջացել լույսի, աղմուկի եւ հպումների նկատմամբ: Այս ամենը հաղթահարելու համար նա ընդունում էր կետամինի եւ մորֆինի ահռելի դոզաներ:

Մերինի մահից հետո նրա ուղեղը եւ ողնաշարը զոհաբերել են հետազոտական ֆոնդին, որը մասնագիտանում է միալգիկ էնցեֆալոմիելիտի ուղղությամբ: Աղջկա մահվան պատճառը կպարզեն մայիսին:



© NEWS.am Medicine