Շնչափողի հաջող փոխպատվաստում՝ Ֆրանսիայում. Վիրահատությունից արդեն 4 տարի է անցել, եւ հիվանդն առողջ է

10:59   7 ապրիլի, 2018

Ֆրանսիացի վիրաբույժները 4 տարի առաջ շնչափողի փոխարինման հաջող վիրահատություն են կատարել: Հիմա մասնագետները գնահատել են վիրահատության արդյունքները. 15-ամյա աղջիկը, որին չվիրահատելու դեպքում անխուսափելի մահ էր սպասում, 4 տարի անց առողջությունը պահպանում է:

Աղջիկը, ում անունը չի հրապարակվում, ծնվել է հազվագյուտ խանգարմամբ, որն առաջացնում է շնչափողի նեղացում՝ խողովակ կոկորդում, որով օդը հասցվում է թոքերին: Որոշ ժամանակ բժիշկները հիվանդի շնչափողի անցանելիությունը պահպանելու համար այլ՝ ավելի կոնսերվատիվ միջամտություններ էին կիրառում, սակայն դրանք դադարել են օգնել: Երբ աղջիկը դարձել է 12 տարեկան, որոշվել է կատարել շնչափողի փոխպատվաստում, ըստ որում մասնագետները որոշել են այն մասամբ պատրաստել արհեստական նյութից (սիլիկոնային պրոթեզ), իսկ մասնակի՝ իր հիվանդի հյուսվածքներից (մկաններ, մաշկ, կռճիկներ, որոնք վերցվել են աղջկա մեջքից եւ ազդրերից):

Ինչպես պնդում են բժիշկները վիրահատությունից 4 տարի հետո իրենց տեղադրած կառույցը շարունակում է նորմալ գործել: Ինչ վերաբերում է հիմա արդեն 15 տարեկան աղջկան, ապա նա ունի իր տարիքի համար նորմալ ակտիվություն:

Նշենք, որ այս վիրաբուժական վիրահատությունը պատմության մեջ առաջինը չէ: Համանման վիրահատություններ են կատարել եւս 30 հիվանդների, եւ նրանցից 23-ը դեռեւս ողջ են: Այսպիսի առաջին վիրահատությունը կատարվել է գրեթե 12 տարի առաջ, եւ հիվանդը մինչեւ հիմա ողջ է:

Ի դեպ, ամերիկացի վիրաբույժներն այս միջամտությանը հոռետեսորեն են վերաբերվում: Նրանք ընդգծում են, որ սա խնդրի ժամանակավոր լուծում է, եւ ապագայում հիվանդները, միեւնույն է, ստիպված կլինեն ինչ-որ բան անել կյանքը պահպանելու համար: ԱՄՆ-ում հիմա ուսումնասիրություններ են կատարվում դոնորային շնչափողի փոխպատվաստման ոլորտում:



© NEWS.am Medicine