Գիտնականները վերանայել են տարեց մարդկանց սննդակարգի մասին խորհուրդները

14:07   7 ապրիլի, 2018

Տարեցներին հաճախ են խորհուրդ տալիս շատ գործածել սպիտակուցի բարձր պարունակությամբ մթերքներ, քանի որ դրանք օգնում են աճեցնել մկանային զանգվածն ու ամրապնդում են ընդհանուր առողջությունը։ Սակայն հիմա ամերիկացի հետազոտողները պարզել են, որ սպիտակուցն այնքան էլ կարեւոր դեր չի կատարում տարեց մարդկանց սննդակարգում ու ավելի շատ սպիտակուց ուտելը ոչ մի իմաստ չունի։

Սպիտակուցները գործածվում են բջիջներում նյութափոխանակության, ֆերմենտների, հորմոնների ու օրգանիզմի կարեւոր ֆունկցիաներն ապահովող այլ միացությունների արտադրության համար։ Սպիտակուցների գործածման նորման մեծահասակ մարդու համար կազմում է օրական 0․8 գրամ նրա քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար։

Շատ բժիշկներ պնդում են, որ իրենց տարեց հիվանդները պետք է վերոնշյալ նորմայից ավելի շատ սպիտակուց ուտեն։ Բրիգամի Կանացի հոսպիտալի աշխատակիցները ստուգել են այդ պնդման իրավացիությունը։

Jama Internal Medicine ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցելու համար հրավիրվել են 65 տարեկանից մեծ 78 տղամադ։ Մասնակիցներին խմբերի են բաժանել։ Կամավորները ստացել են սպիտակուցի տարբեր քանակություն (օրական մեկ կիլոգրամին 0․8 գրամից սկսած մինչեւ 1․3 գրամ)։ Նաեւ որոշ մասնակիցների ամեն օր տեստոստերոն կամ պլացեբո են ներարկել։ Հետազոտությունը տեւել է 6 ամիս։

Գիտնականները հայտնաբերել են, որ սննդակարգում սպիտակուցի մակարդակի բարձրացումը ոչ մի կերպ չի ազդել կամավորների ֆիզիկական վիճակի վրա։



© NEWS.am Medicine