Հակաբիոտիկների նոր դասը կարող է օգնել կայուն ինֆեկցիաների դեմ պայքարում

13:06   10 ապրիլի, 2018

University of Illinois at Chicago-ի եւ ֆրանսիական Nosopharm ընկերության գիտնականները հակաբիոտիկների նոր դաս են ներկայացրել, որոնք կարող են օգնել հաղթահարել ստանդարտ թերապիայի հանդեպ կայուն ինֆեկցիաները:

Նոր դեղամիջոցներն օդիլորհաբդին անվանումն են ստացել. դրանք արտադրում են որդերում բնակվող բակտերիաները, որոնք, իրենց հերթին, գաղութացնում են միջատներին: Բակտերիան օգնում է սպանել միջատներին՝ միաժամանակ հակաբիոտիկների հաշվին պայքարելով մրցակից բակտերիաների դեմ:

Գիտնականները բակտերիաների 80 շտամերի սքրինինգ են անցկացրել, մեկուսացրել ակտիվ միացությունները, հետազոտեել դրանց քիմիական կառուցվածքը եւ ավելի հզորները ստեղծել: Ստացվել են օդիլորհաբդինները, որոնք ազդում են բակտերիաների բջիջների ռիբոսոմների վրա: Սրանք պատասխանատու են բակտերիաների համար կենսական նշանակության սպիտակուցների արտադրության համար:

Օդիլորհաբդինները միանում են ռիբոսոմի եզակի հատվածի. ոչ մի հակաբիոտիկ չի օգտագործում «վայրէջքի այդ հարթակը»: Կապ հաստատելուց հետո ռիբոսոմները սկսում են նոր սպիտակուցներ արտադրելիս սխալներ թույլ տալ, ինչի արդյունքում բակտերիայի բջիջը մեռնում է:

Գիտափորձը ցույց է տվել, որ օդիլորհաբդիններն օգնում են սպանել ե՛ւ գրամբացասական, ե՛ւ գրամդրական ախտածինները: Դրանց թվում են էնթերոբակտերիաները, որոնք կայուն են ներկայում տարածված առավել հզոր հակաբիոտիկների հանդեպ:



© NEWS.am Medicine