23:47 10 ապրիլի, 2018Թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության (ԹՔՕՀ) հիմնական պատճառը համարվում է ծխելը: Սակայն ավստրալացի եւ բրիտանացի մասնագետների 2 նոր հետազոտությունները, որոնք հրապարակվել են The Lancet Respiratory Medicine-ում, ցույց են տվել, որ մանկության տարիներին շնչուղիների հիվանդությունները էապես մեծացնում են հասուն տարիքում ԹՔՕՀ զարգացման վտանգը:
Գիտնականների խոսքով՝ եթե երեխան ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը եւ ասթմայով տառապել, հավանականությունը, որ նրա մոտ հասուն տարիքում ԹՔՕՀ կառաջանա, զգալիորեն մեծանում է: Իսկ եթե հասուն տարիքում մարդը նաեւ սկսում է ծխել, վտանգն ավելի է մեծանում:
Մելբուրնի համալսարանի աշխատակիցները 2500 կամավորների են հետազոտել եւ պարզել, որ ԹՔՕՀ դեպքերի 75 տոկոսը 53 տարեկան մասնակիցների մոտ պայմանավորված էր մանկության տարիներին թոքերի վատ գործելով: Պարզվել է, որ մանկության տարիներին թոքերի հետ կապված խնդիրները կամավորների մոտ կապված էին տարած թոքաբորբի, բրոնխիտի, ասթմայի, ալերգիկ ռինիտի եւ ծխախոտի ծխի ազդեցության հետ:
Իսկ Բրիստոլի համալսարանի հետազոտողները 2600 մարդու թոքերի վիճակին հետեւել են ծննդյան օրից մինչեւ 24 տարեկան դառնալը եւ հայտնաբերել, որ թոքերի գործունեության խանգարմամբ ծնված նորածինների երեք քառորդի առողջական վիճակը ճիշտ խնամքի դեպքում հասուն տարիքում զգալիորեն բարելավվել է: Գիտնականները նշել են, որ մանկության տարիներին թոքերի առողջության մասին հոգածությունը եւ երեխայի շնչուղիների պաշտպանությունը ծխախոտի ծխից հասուն տարիքում ԹՔՕՀ առաջացման վտանգը զգալիորեն նվազեցնում է: