«Բարությունը հիմա է, այստեղ». Աստղերը կերգեն երեխաներին օգնելու համար

14:17   10 ապրիլի, 2018

Ապրիլի 13-ին, ժամը՝ 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով բարեգործական համերգ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի անդամ Լուսինե Դաշյանը։

Համերգին ելույթ կունենան սիրված արտիստներ Արամ MP3-ն, Քրիստինե Պեպելյանը, Սոնա Ռուբենյանը, «Նեմրա»-ն, «Գողթ»-ը, «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ»-ը «Կարինա Առուստամյան եւ The Bend»-ը։

Լուսինե Դաշյանը նշեց, որ տոմսերի մեծ մասն արդեն վաճառված է, սակայն դեռ կարող եք ձեռք բերել www.tomsarkgh.am կայքի միջոցով։ Տոմսերի արժեքը 2000-10000 դրամ է։

«Բարություն անելը հեշտ է եւ կարեւոր, բայց ամենակարեւորը մարդ լինելն է, իսկ մարդ լինելը մենք սահմանում ենք բարության տեսքով»,- իր խոսքում նշեց բարերար Ելենա Բաղդասարյանը՝ կոչ անելով  բոլորին մասնակցել ապրիլի 13-ին կայանալիք համերգին։

Համերգից գոյացած ողջ հասույթն օգտագործվելու է նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների  բուժմանն աջակցելու նպատակով։

Լուսինե Դաշյանը նշեց, որ իրենց կազմակերպությունն աշխատում է թափանցիկ եւ թերեւս դա է գրավականը, որ շատ հայտնի մարդիկ պատրաստակամ մասնակցում են համերգին։ Փոխանցված գումարների հաշվետվությունը կտեղադրվի ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում։

 



© NEWS.am Medicine