Հայ դոնորի շնորհիվ իրանցի երիտասարդը կարող է փրկվել (ֆոտո)

18:09   10 ապրիլի, 2018

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրն այսօր գրանցել է իր հերթական հաջողությունը միջազգային համագործակցության ասպարեզում: Այս անգամ հայ դոնորի օգնության կարիքն ուներ լեյկեմիայով տառապող իրանցի մի երիտասարդ, որի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։

Դոնորը Գեորգի Իլոյանն է՝ «Տաշիր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը, որը լինելով մասնագիտությամբ բժիշկ իր կյանքի ուղին արդեն իսկ կապել է մարդկային կյանքերի փրկության հետ: Նա դեռ 2001 թվականին, երբ Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի ուսանող էր, կամավորագրվել է Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրին՝ դառնալով ռեեստրի առաջին դոնորներից:

17 տարի անց նախնական ընտրության ժամանակ պարզ դարձավ, որ Գեորգին համատեղելի է իրանցի հիվանդի հետ: Այդ փուլում արդեն իսկ բժիշկ Իլոյանը տվեց իր համաձայնությունը՝ համատեղելիության դեպքում նվիրաբերելու ցողունային բջիջներ: Գեորգի Իլոյանը Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի կամավոր դոնորների մեջ մասնագիտությամբ առաջին բժիշկ դոնորն է:  

Այսօր հաջողությամբ հավաքվեցին դոնորի ցողունային բջիջները: Բժիշկ Իլոյանը երջանիկ եւ հպարտ է, քանի որ իր շնորհիվ Իրանում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու եւ ապրելու: 

Ժամերի ընթացքում, հատուկ լիցենզավորված միջազգային փոխադրողի օգնությամբ, բջիջները կհասնեն Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Շարիաթի բժշկական կենտրոն:



© NEWS.am Medicine