Հինգ փաստ Պարկինսոնի հիվանդության մասին

11:39   11 ապրիլի, 2018

Ապրիլի 11-ը Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի Համաշխարհային օրն է: 200 տարի առաջ անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը նկարագրել է հիվանդության ախտանշանները, որն ավելի ուշ նրա անունն է ստացել: Ապրիլի 11-ը Ջեյմս Պարկինսոնի ծննդյան օրն է: Չնայած վաղեմի պատմությանը, հիվանդությունն անբուժելի է մնում: Ներկայացնում ենք հիվանդության մասին մի քանի փաստ եւ դրա կանխարգելման խորհուրդներ:

  1. «Ուրախության հորմոնի» հիվանդությունը

Նրա աշխատության համաձայն՝ Պարկինսոնը կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական պրոգրեսիվ հիվանդություն է:

Խանգարումները տեղի են ունենում ուղեղի աշխատանքում՝ ուղեղի դոֆամինի արտադրման համար պատասխանատու հատվածներում նեյրոնները մահանում են: Սա ուրախության եւ հաճույքի հորմոնն է, այն մասնակցում է շարժումների կոորդինացիային, որոշումներ ընդունելու գործընթացին, սովորելու ե հիշողության կարգավորմանը:

  1. Աշխարհում տարածվածությամբ երկրորդ ախտորոշումը

Պարկինսոնի հիվանդությունը ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդությունն է Ալցհեյմերի հիվանդությունից հետո: Ըստ վիճակագրության՝ աշխարհում կա 7-10 մլն հիվանդ:

Բժիշկներն այս հիվանդության ախտորոշում են կատարել մեծ թվով հայտնի մարդկանց մոտ՝ բռնցքամարտիկներ Մոհամմեդ Ալիին եւ Ֆրեդի Ռոուչին, ավտոարշավորդ Ֆիլ Հիլին: Ախտորոշումը հաստատվել է նաեւ Սալվադոր Դալիի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի, երաժիշտ Օզի Օսբորնի եւ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի մոտ:

  1. «Երիտասարդացող» հիվանդություն

Հիվանդությունը «տարիքային» էր համարվում եւ երեւան էր գալիս 60-ից հետո: Մինչդեռ հիմա ախտանշաններն առավել հաճախ են առաջանում 40-ամյա, իսկ երբեմն ավելի երիտասարդ մարդկանց մոտ:

  1. Ախտանշանները կարող են տասնամյակներով կուտակվել

Վառ արտահայտված ախտանշանը հանգիստ վիճակում ձեռքերից մեկի տրեմորն է: Հաջորդ փուլում դողդողում են 2 ձեռքերը եւ գլուխը: Հիվանդության ուշ փուլերում դողդողում են կոպերը եւ/կամ ստորին ծնոտը, լեզուն:

Հիվանդության վաղ փուլերին հատուկ է առատ թքարտադրությունն ու քրտնարտադրությունը: Հաճախ են հանդիպում հետեւյալ բողոքները՝ հաճախակի միզում, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, մկաններում եւ հոդերում ցավ, քնի ժամանակ ձեռքերի եւ ոտքերի ուժգին թափահարում: Հիվանդները քայլելիս հավասարակշռությունը դժվար են պահպանում: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է հիշողության եւ մտքերի ձեւակերպման ունակության վատթարացմամբ:

Հիվանդությունը սկսվելու կարեւոր նշան է հոտառության սրության նվազումը կամ դրա բացակայությունը:

  1. Բուժվել հնարավոր չէ, սակայն աշխատել կարելի է

«Ռիսկի խմբում» են այն մարդիկ, որոնց ազգականները տառապել են Պարկինսոնի հիվանդությամբ (բնակչության մոտ 1 տոկոսը) եւ կարող էին այն ժառանգել:

Պարկինսոնի հիվանդությունից անհնար է բուժվել, քանի որ վնասված նեյրոնները չեն վերականգնվում: Կլինիկական ախանիշները երեւան են գալիս միայն ուշ փուլերում, երբ հիվանդի մոտ ուղեղի շարժողական գործառույթների համար պատասխանատու հատվածում նեյրոնների արդեն ավելի քան 60 տոկոսը մահացած է: Հնարավոր է կյանքը լավացնել եւ տեւողությունը երկարացնել միայն դեղամիջոցների ընդունմամբ եւ բժշկի մշտական հսկողությամբ:

Հիվանդության թեթեւ ձեւի դեպքում մարդիկ աշխատունակությունից չեն զրկվում, եթե նրանց աշխատանքը կապված չէ ֆիզիկական լարվածության եւ կոորդինացված շարժումների կատարման հետ:



© NEWS.am Medicine