Անգլուհին ուղիղ էթերում քիթն «արձակել» է

12:40   11 ապրիլի, 2018

Մեծ Բրիտանիայի բնակիչ Ջեյն Հարդմանը, որը տառապում է աուտոիմունային հիվանդությամբ, This Time Next Year շոուի ուղիղ եթերում ցույց է տվել իր հիվանդության հետեւանքները՝ «արձակելով» քիթը եւ այն վերադարձնելով իր տեղը:

Ջեյն Հարդմանի ողբերգական պատմությունը սկսվել է 2012 թվականի մարտին, երբ ընտանիքի սիրելին՝ 90 կգ-անոց նեոպոլիտանական մաստիֆ ՍեՍեն նրան դիմավորելիս անհաջող է ցատկել եւ քթին հարվածել: Արդյունքում՝ Ջեյնի քթից արյուն է եկել, սակայն նա սկզբում դրան ոչ մի նշանակություն չի տվել: Նրա քիթը, սակայն, չէր հանդարտվում՝ շարունակում էր ցավել, արնահոսել եւ որոշ ժամանակ անց նույնիսկ ձեւախախտվել: Բժիշկները ձեռքերն էին թափահարում, ճշգրիտ ախտորոշում կատարելու համար նրա քթի մեջ էին մտցնում տարբեր սարքեր, սակայն ոչ մի բան չէր պարզվում, մինչեւ նրանցից մեկը չի առաջարկել արյան անալիզ հանձնել:

Հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ Ջեյն Հարդմանի մոտ առկա է հազվագյուտ աուտոիմունային հիվանդություն, եւ նրա ձեռնասունը դրա հետ ոչ մի կապ չուներ, պարզապես շունը դիպել էր հիվանդությամբ ախտահարված քթին:

2014 թվականի հունիսին նրան ուղարկել են Մեծ Բրիտանիայում ռինոպլաստիկայի (քթի պլաստիկայի) առաջատար պլաստիկ վիրաբույժներից մեկի՝ Լոնդոնի Guys and St Thomas’ Hospital-ի բժիշկ Դեւիդ Ռոբերտսի մոտ:

Լիովին բուժվելու համար բրիտանուհին քիմիաթերապիայի կուրս է անցել, խմել ստերոիդներ ու հակաբիոտիկներ: Բժիշկները հեռացրել են նրա քայքայվող քիթը եւ թարախից մաքրել առաջացած ամբողջ խոռոչը: Դրանից հետո նրան պրոթեզ են տեղադրել, որը պահում են մագնիսները: Ներկայումս նա ամբողջությամբ բուժվել է, տարբերակում է հոտերը եւ զգում ուտելիքի համը, ինչի համար անսահման ուրախ է:

Բրիտանուհին նաեւ պատմել է, որ պրոթեզը միայն գիշերն է հանում՝ խոռոչը փակելով պլաստիրով, քանի որ «վախենում է, որ սարդի պես ինչ-որ բան կարող է ներս սողոսկել»: Արթնանալով՝ նա խոռոչը մշակում է գոլորշիով եւ հագնում իր նոր քիթը:

Նա նշել է, որ ամռան համար պատրաստում են  նոր «մագնիսական» քիթ, որը քիչ ավելի մուգ կլինի, քանի որ դեմքը կարող է մի փոքր արեւահարվել:

Վեգեների գրանուլեմատոզը ծանր արագ պրոգրեսիայով հիվանդություն է, որն ընդգրկում է փոքր եւ միջին արյունատար անոթները՝ մազանոթները, փոքր երակները եւ փոքր արտերիաները, վերին շնչառական ուղիների, աչքերի, երիկամների, թոքերի եւ այլ օրգանների ներգրավմամբ:



© NEWS.am Medicine