Աշնանը Ֆրեզնոյից բժիշկները առաքելությամբ Հայաստան կժամանեն չորրորդ անգամ

13:08   12 ապրիլի, 2018

Հայկական բժշկական առաքելության (Armenian Medical Mission) շրջանակում Հայաստան ժամանող բժիշկների մեծ մասը ամերիկացիներ են: Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի խոսքով, ում ջանքերով է այս առաքելությունը ստեղծվել, միանգամայն տրամաբանական ու հասկանալի է, երբ բարեգործական առաքելությունների շրջանակում հայկական ծագմամբ բժիշկներն են հայրենիք գալիս եւ կարիք ունեցողներին անվճար օգնություն ցույց տալիս: Բայց երբ Հայաստանի հետ ոչ մի ընդհանրություն չունեցող ամերիկացիներն են նույն բանն անում, դա ուրախություն, հիացմունք ու հպարտություն է հարուցում:

2018 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 14-ը Հայկական բժշկական առաքելությունը Հայաստան կժամանի չորրորդ անգամ. բժիշկներն առաջին շաբաթը կանցկացնեն Հայաստանի մարզերում, երկրորդը՝ Լեռնային Ղարաբաղում: Պերճ Աբգարյանը նշեց, որ այս ժամկետի ընտրությունը պատահաբար չի կատարվել՝ առաքելության բժիշկները շատ են ցանկանում մասնակցել Երեւանի 2800-ամյակի տոնակատարությանը:

Այս տարի կժամանի մոտ 35 բժիշկ, եւ ուշագրավն այն է, որ նրանց մեծ մասը մասնակցել է նաեւ նախորդ առաքելություններին:

«Հայաստանը մեր հայրենիքն է, սակայն նրանց համար օտար երկիր է: Չնայած դրան, նրանք տարեցտարի Հայաստան են ժամանում՝ ցենտ անգամ չստանալով, այստեղ մարդկանց են վիրահատում ու բուժում, եւ այդ ամենը նրանց ներքին բավարարվածության զգացում է պատճառում, քանի որ նրանք գիտակցում են, որ մարդկանց կյանքում դրական փոփոխություն են առաջացնում», - նշեց Պերճ Աբգարյանը:

Պատվավոր հյուպատոսի խոսքով՝ այս առաքելությունները կազմակերպում են Ֆրեզնոյի հայ համայնքի ֆինանսական աջակցության շնորհիվ, որը ոչ միայն հոգում է ճանապարհածախսը եւ Հայաստանում ամերիկացի բժիշկների կեցության ծախսերը, այլեւ սարքավորումներ է գնում մարզային հիվանդանոցների համար: Հնարավորության դեպքում դրանք գնում են այստեղ՝ Հայաստանում, տեղական գործարարներին օգնելու համար: Բացի այդ՝ ԱՄՆ-ից բուժսարքավորումներ բերելու համար շատ ժամանակ եւ ավելի մեծ գումար է անհրաժեշտ:

Անցյալ տարի առաքելությունը նաեւ հոգացել է Ախուրյանի մոր եւ մանկան բժշկական կենտրոնի վիրահատարանի վերանորոգման եւ վերազինման ծախսերը. նոր վիրահատական սեղան, վիրահատական գործիքներ եւ դրանց մանրէազերծման սարք է ձեռք բերել:

«Առանց Ֆրեզնոյի հայ համայնքի աջակցության՝ այս ամենն անհնար կլիներ: Մենք մեծ զգուշավորությամբ ենք ծախսում համայնքի հավաքագրած գումարները, որպեսզի պահպանենք մեր գործի հանդեպ մարդկանց վստահությունը: Մեզ համար կարեւոր է, որ մարդիկ վստահ լինեն, որ իրենց նվիրաբերած յուրաքանչյուր լուման ըստ նշանակության է օգտագործվում, ոչ մի ավելորդ ծախս չենք անում», - նշեց պատվավոր հյուպատոսը:

Նրա խոսքով՝ այս այցի ընթացքում ծրագրում է հանդիպել մարզային մի շարք հիվանդանոցների ղեկավարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ օգնության եւ ինչպիսի սարքավորումների կարիք ունեն: Նա նաեւ հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ՝ ցանկանալով պարզել, թե Ֆրեզնոյից ժամանող բժիշկներն ինչով կարող են օգտակար լինել հայ զինվորներին: Ռազմական բժշկության վարչության պետ Գայանե Հովհաննիսյանի հետ պատվավոր հյուպատոսը քննարկել է վիրավոր զինվորների կարիքները եւ խոստացել իր հետ բերել ինչպես անհրաժեշտ սարքավորումներ, այնպես էլ մասնագետների, ովքեր կկարողանան նրանց օգտակար լինել, առաջին հերթին՝ վիրաբույժների, նեյրովիրաբույժների եւ ֆիզիոթերապեւտների:

Հայկական բժշկական առաքելությունը, ըստ Պերճ Աբգարյանի, օգնում է ոչ միայն բուժման կարիք ունեցող հիվանդներին, այլեւ Հայաստանի բժիշկներին. այցերի ընթացքում ամերիկացի բժիշկները դասախոսություն են կարդում հայ գործընկերների համար, փորձի փոխանակում կատարում, իրենց գիտելիքներն են փոխանցում: Բացի այդ՝ ամերիկյան բժիշկներին հաճախ ուղեկցում են Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներն ու շրջանավարտերը. նրանք, որպես կանոն, տիրապետում են անգլերենին եւ բժիշկներին ու հիվանդներին օգնում են հաղորդակցվել: Արդյունքում իրենք էլ սովորում են փորձառու բժիշկներից, իսկ հետագայում, սեփական պրակտիկան սկսելով, հնարավորություն են ունենում խորհրդակցել ամերիկացի մասնագետների հետ:

Պերճ Աբգարյանը պնդում է, որ ձեռք բերածով սահմանափակվել չի կարելի, հարկավոր է Հայաստանին աջակցելու նոր ուղիներ փնտրել: Մոտ ապագայում նա հույս ունի նոր ծրագիր կազմակերպել, որի շրջանակում Հայաստանի երիտասարդ բժիշկներն ու շրջանավարտները հնարավորություն կունենան 4-6 շաբաթ աշխատել ԱՄՆ-ի կլինիկաներում, շփվել ամերիկացի գործընկերների հետ եւ փորձ ձեռք բերել, ինչն օգտակար կլինի նրանց հետագա պրակտիկայում:



© NEWS.am Medicine