Սքրինինգի շնորհիվ մենք 3-4-րդ փուլի կրծքագեղձի քաղցկեղ չենք հանդիպում. գերմանացի մասնագետ

19:26   12 ապրիլի, 2018

Գերմանիայում արդեն երկար տարիներ անցկացվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման սքրինինգային ծրագիր. ծրագրի շրջանակում 50-ից մինչեւ 70 տարեկան բոլոր կանայք կարող են տարեկան 2 անգամ անվճար մամոգրաֆիական հետազոտություն անցնել: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ուռուցքաբան եւ գինեկոլոգ Կոռնելիա Լիդտկեն, սքրինինգի շնորհիվ հիվանդների մեծ մասի մոտ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվում է վաղ փուլերում, իսկ 3-4 փուլերում հիվանդներ չափազանց հազվադեպ են հանդիպում:

Մասնագետի խոսքով՝ սքրինինգի ժամանակ որակի շատ լուրջ վերահսկողություն է կատարվում. ռադիոլոգը հիվանդի մասին ոչ մի բան չպետք է իմանա՝ ո՛չ տարիքի, ո՛չ հիվանդության պատմության: Ինչպես պարզաբանեց մասնագետը, մամոգրաֆիական պատկերներն ուսումնասիրելիս ռադիոլոգն այս կերպ առավելագույն օբյեկտիվ կլինի: Եթե ռադիոլոգն իմանա, որ հիվանդն, օրինակ, տարեց կին է, որի ընտանիքում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, կամ հակառակը՝ 30 տարեկան երիտասարդ կին է, դա կարող է ազդել պատկերի վրա տեսածի նրա գնահատման վրա: Ավելին՝ եթե ռադիոլոգը 100 տոկոսով համոզված չէ, թե ինչ է տեսնում, նա պետք է պարտադիր հարցնի գործընկերների կարծիքը:

Կոռնելիա Լիդտկեի խոսքով՝  սքրինինգային ծրագիրն իսկապես նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի տարածվածությունը, քանի որ մեծ թվով դեպքեր հաջողվում է ախտորոշել դեռեւս նախաքաղցկեղային փուլում: Ավելին՝  սքրինինգին մասնակցությունը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի հետեւանքով մահանալու հավանականությունը, քանի որ հիվանդությունը հաջողվում է հայտնաբերել վաղ փուլերում, երբ այն դեռեւս իրեն զգացնել չի տալիս:

Բնականաբար, սա դեռեւս չի նշանակում, որ գերմանացի բժիշկներն ընդհանրապես չեն հանդիպում 3-րդ կամ 4-րդ փուլում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների. ինչպես նշեց Կոռնելիա Լիդտկեն, սքրինինգը պարտադիր չէ, եւ ցավոք, կանայք են լինում, որոնք դրան չեն մասնակցում: Ավելին՝ պատահում են հիվանդներ, որոնք երկար տարիներ իրենց կրծքի մեջ ուռուցքները համառորեն չեն նկատում եւ բժշկի են դիմում միայն այն ժամանակ, երբ խնդիրն այլեւս անհնար է անտեսել: Սակայն նման դեպքերը եզակի են: Իսկ նրանց շրջանում, ովքեր պարբերաբար մասնակցում են սքրինինգային ծրագրերին, ուշացած դեպքեր չեն պատահում, նունիսկ եթե քաղցկեղը հիվանդի մոտ սկսում է զարգանալ երկու սքրինինգների միջեւ, այն, որպես կանոն, հասցնում է 3-րդ փուլի հասնել երկրորդ սքրինինգի գալու պահին, ինչի շնորհիվ կանխատեսումները միագամայն բարենպաստ են:

Մասնագետը նշեց, որ այն երկրներում, որտեղ սքրինինգային ծրագրեր չկան, կրծքագեղձի քաղցկեղը, ինչպես նաեւ քաղցկեղի այլ տեսակները հաճախ հայտնաբերվում են ավելի ուշ փուլերում: Բժշկի կարծիքով՝ եթե նման ծրագիր ներդրվի նաեւ Հայաստանում, դա կարող է նկատելիորեն մեծացնել կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների վերապրելիությունը:



© NEWS.am Medicine