Պրոթեզների տրամադրման նման բաշխումը պարզապես աբսուրդ է. ինժեներ-օրթոպեդ Մկրտիչ Գինոսյան

20:36   13 ապրիլի, 2018

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզներ տրամադրելու նոր  կարգը առաջին հերթին վնասում է հաշմանդամներին: Այս NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Ինտերօրթո» ՍՊԸ տեխնիկական ղեկավար, օրթոպեդ Մկրտիչ Գինոսյանը:

Կառավարության հայտարարած այս տարվա մրցույթում նախապես հաղթել են 4 ընկերություններ, այդ թվում՝ «Ինտերօրթո» գերմանական և «Պրոթեզաօրթոպեդիկ» տեղական ընկերությունները, որոնք պետպատվերի շրջանակում աշխատում են շուրջ 28 տարի:

« Ազդրի պրոթեզների տրամադրումը տրվեց «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերությանը, սրունքի պրոթեզները կտրամադրի «Ինտերօրթո» ընկերությունը: Բացի այն, որ քանակը այնքան քիչ էր, որ մեր կենտրոնը պարզապես չի կարող գոյատևել, նման բաժանումը պարզապես աբսուրդ է: Որովհետև եթե մարդ, օրինակ, երկկողմանի ամպուտացիա ունի, ինչպե՞ս նա կարող է մի ոտքը մի գործարանում պրոթեզավորել, մյուսը ՝ մեկ այլ: Ֆիզիկապես չի կարող: Առավել ևս մի ոտքրին տեղական արտադրության, մյուսին՝ գերմանական արտադրության պրոթեզներ կրել: Ոչ ոք չի շահում՝ ոչ պետությունը, ոչ կազմակերպությունները, ոչ էլ առավել ևս հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր 20 տարի շարունակ նույն մասնագետի մոտ պրոթեզավորվելուց հետո ստիպված են փոխել նրան՝ կրելով ֆիզիկական ու հոգեբանական անհարմարություններ: »,- ասում է Մկրտիչ Գինոսյանը:

Նշենք, որ մրցույթն անցած բոլոր ընկերությունների հետ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագիր կկնքի նրանց տրամադրած՝ միջազգային ստանդարտներին համապատասխանելու մասին հավաստագրերի փորձագիտական եզրակացությունից հետո միայն: Այս պահին ֆինանսավորման բացակայության պատճառով «Ինտերօրթոն» փակ է։

 

 



© NEWS.am Medicine