Սուրճն օգնում է դեպրեսիայի հաղթահարմանը

11:53   16 ապրիլի, 2018

Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճը կարող է կանխել թեթև ու չափավոր դեպրեսիան, որն ախտահարում է եկամտի բարձր մակարդակով երկրների բնակչության մոտ 15 տոկոսին։ Այս մասին հայտնում է Psychology Today-ը։

Վերջերս Չինաստանի Ցինդաո համալսարանի բժշկական քոլեջի գիտնականները վերլուծել են 15 հետազոտությունների արդյունքները, որոնք վերաբերում էին սուրճի գործածման ու դեպրեսիայի միջև կապի առկայությանը։ Պարզվել է, որ օրական մեկ բաժակ կոֆեին պարունակող սուրճը 8 տոկոսով նվազեցնում է դեպրեսիայի զարգացման հավանականությունը։

Դեռ հայտնի չէ, թե հատկապես ինչպես է սուրճը դիմակայում դեպրեսիային։ Սակայն հետազոտողները ենթադրում են երկու հնարավոր մեխանիզմ։ Չնայած համարվում է, որ դեպրեսիան սերոտոնինի ցածր մակարդակի հետևանք է, կա նաև մեկ այլ հիպոթեզ։ Եթե հավատանք դրան՝ ապա դեպրեսիան վատ իմունային ռեակցիայի հետևանք է, որը հանգեցնում է ուղեղում բորբոքումների։ Չինացի հետազոտողները ենթադրում են, որ սուրճն  ունակ է նվազեցնել նման բորբոքումը հակաօքսիդանտների հատուկ համադրության շնորհիվ։

Մեկ այլ թեզի համաձայն՝ սուրճի հակադեպրեսիվ ազդեցությունը պայմանավորված է կոֆեինի պարունակությամբ։ Չէ՞ որ դա պսիխոխթանիչ է, որը բարձրացնում է առույգությունն ու մոտիվացիան։ Երբ մենք արթնանում ենք որակյալ գիշերային քնից հետո՝ կենտրոնական նյարդային համակարգում ադենոզինի քանակությունը քիչ է լինում։ Սակայն մի քանի ժամվա ընթացքում այն աստիճանաբար կուտակվում է ու ակտիվացնում ռեցեպտորները, որոնք առաջացնում են քնկոտություն, նաև մոտիվացիայի ու էներգիայի պակաս։

Ադենոզինի նման՝ կոֆեինը կապակցվում է կենտրոնական նյարդային համակարգի նույն ռեցեպտորների հետ, բայց ի տարբերություն ադենոզինի՝ չի ակտիվացնում դրանք։ Այն արգելափակում է այդ ռեցեպտորները, ինչը խանգարում է դրանց սովորական ռեակցիաներին, որոնք ճնշում են մոտիվացիան ու առույգությունը։ Նման ազդեցությունը բացատրում է, թե ինչպես է սուրճի գործածումն օգնում մեզ առույգ մնալ կարճաժամկետ հեռանկարում։ Բայց չի օգնում հասկանալ, թե ինչպես է սուրճը թեթևացնում դեպրեսիան երկարաժամկետ հեռանկարում։

Չինացի հետազոտողների առաջարկած մեխանիզմներից մեկն այն է, որ սուրճն օգնում է ավելի արդյունավետ դարձնել դոպամինի արտադրությունը։ Կապակցվելով ադենոզիվ ռեցեպտորների հետ՝ կոֆեինը բարձրացնում է դոպամինի քանակությունը։ Այն էլ իր հերթին կապակցվում է դոպամինային ռեցեպտորների հետ զոլավոր մարմնում՝ ուղեղի այն հատվածում, որը, բացի ամենայնից, համակարգում է որոշումների կայացումը, մոտիվացիան ու պարգևատրման ընկալումը։



© NEWS.am Medicine