«Սա ավանսով որոշում է». Թումանյանի ծոռանը շնորհեցին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

15:15   16 ապրիլի, 2018

Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի իմունաբանության ամբիոնի վարիչ Արեգ Թոթոլյանն արժանացել է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: Համալսարանական պատմուճանը նրան է հանձնվել ապրիլի 16-ին ԵՊԲՀ-ում «Իմունոախտորոշման եւ իմունոթերապիայի արդի հիմնախնդիրները» գիտաժողովի բացման ժամանակ:

Դոկտորը պարգեւը ստանալիս հուզվեց եւ ամբիոնի մոտ կանգնած երկար ժամանակ փորձում էր զսպել զգացմունքները: «Այս որոշումը շատ պարտավորեցնող է, եւ այս որոշումն ավանսով է»,- նշեց նա՝ հավելելով, որ վերջին 10 տարիներին իր ելույթներից առաջ այլեւս չի հուզվում, բայց այս դահլիճում ինքը 5 տարում երկրորդ անգամ է ելույթ ունենում, եւ երկրորդ անգամ իրեն մեծ հուզում է համակում:

«Ես ակտիվ աշխատանքի դեռ 10-15 տարի ունեմ, եւ կկարողանամ այս ավանսը վաստակել»,- խոստացավ նա:

Տեղի ունեցող գիտաժողովը նվիրված է իմունաբանության, ալերգաբանության հարցերին, իմունոթերապիայի եւ աուտոիմունային հիվանդությունների բուժման նորագույն մեթոդներին: Գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունից 14 դասախոսներ:

Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, գիտաժողովը բացելով, նշեց, որ իմունաբանությունը, ալերգաբանությունը, վիրուսաբանությունը, համաճարակաբանությունը ապագայի ուղղություններն են: «Անհատականացված բժշկությունը, բջջային բժշկությունը աշխարհի առողջապահական համակարգում արդեն կիրառական բաղկացուցիչ ունեն»,- ասաց նա:

Նշենք, որ Արեգ Թոթոլյանը հայ գրականության դասական Հովհաննես Թումանյանի ծոռն է: Նրա մայրը՝ Սուրմա Թումանյանը, գրողի կրտսեր որդի Արեգի դուստրն է: Արեգ Թոթոլյանի ծնողները նույնպես բժիշկներ են՝ Երեւանի բժշկական համալսարանի 1954 թվականի շրջանավարտներ: Արեգը Երեւանում է ծնվել եւ այստեղ ապրել է մինչեւ 6 տարեկանը, որից հետո ծնողները նրան Լենինգրադ են տարել:



© NEWS.am Medicine